Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը (լուսանկարներ)


Արթուր Ջանիբեկյանի նախաձեռնությամբ Ֆրեզնոյում բացվել է Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանը (լուսանկարներ)
Սեպտեմբեր 1 13:32 2018

Օգոստոսի 31-ը Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է․ լրանում է աշխարհահռչակ գրողի ծննդյան 110-ամյա հոբելյանը:

1908 թվականին Ֆրեզնոյում հայ գաղթականների ընտանիքում ծնված Սարոյանը հոր մահից հետո երեք տարեկան հասակում քույրերի և եղբոր հետ հայտնվում է որբանոցում: Որոշ ժամանակ անց մայրը կարողանում է երեխաների համար ապրուստի փոքրիշատե հնարավորություն գտնել, և ընտանիքը կրկին միավորվում է, բայց ապրուստը ստիպված են լինում հոգալ նաև երեխաները:

Սարոյանը 7 տարեկանից արդեն սկսում է աշխատել՝ թերթեր է վաճառում, կանոնանավոր կրթություն չի ստանում և մինչև 25 տարեկանում Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում Սիրակ Գորյան ստորագրությամբ առաջին պատմվածքը հրատարակելը, աշխատում է որպես սեզոնային մշակ, սևագործ բանվոր, փոստատար, վաճառող և այլն:

Հռչակը գալիս է 1934 թվականին պատմվածքների առաջին իսկ ժողովածուի տպագրությունից հետո, որին հաջորդած այլ ժողովածուների համար ընդամենը 6 տարի անց Սարոյանին շնորհվում են ամերիկյան ամենահեղինակավոր գրական մրցանակները՝ Պուլիտցերյան մրցանակը և Նյու Յորքի գրաքննադատների մրցանակը:

Սարոյանի թողած գրական ժառանգությունը համամարդկային մեծագույն արժեքներից է, և պատահական չէ, որ հենց իր ծննդյան օրը, իր  ծննդավայր Ֆրեզնոյում  դռները  բացեց  Saroyan House-ը՝ մեծանուն գրողի տուն-թանգարանը: Այդտեղ գրողն ապրել է կյանքի վերջին 17 տարիներին:

Երկու տարի առաջ տունը ձեռք է բերել Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը՝ նպատակ ունենալով այն դարձնել սարոյանագիտության կենտրոն, սերունդների համար պահպանել ոչ միայն սարոյանական միջավայրը, այլև ձեռք բերել և ներկայացնել գրողին պատկանող իրերը, լուսանկարները, ձայնագրությունները:

Հիմնադրամը ստեղծել է գրողի ամենամեծ թվայնացված արխիվը: Զարմանալի է, բայց  մինչև այժմ մեծանուն գրողը թանգարան չուներ, և Վիլյամ Սարոյանի այս նորաբաց տուն-թանգարանը, որը հագեցած է նորագույն տեխնիկական լուծումներով, միակն է աշխարհում:

Ներկայացնում ենք լուսանկարներ Saroyan House-ի բացման արարողությունից:

 



loading...