Կարելի է ավելին անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում. Մերկել


Կարելի է ավելին անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում. Մերկել
Օգոստոս 24 23:18 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բարձր մակարդակի բանակցություններից հետո հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։

ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկել. «Մեծարգո պարոն վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյան,
ես ուրախ եմ առաջին անգամ՝ որպես դաշնային կանցլեր, հյուրընկալվելու ձեր երկրում և շնորհակալ եմ ինձ ցուցաբերված ջերմ, բարեկամական ընդունելության համար: Ես այցելում եմ ձեր երկիր բավական առանձնահատուկ ժամակաշրջանում՝ ոչ միայն այն պատճառով, որ այս տարի դուք տոնում եք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակը, այլև ձեր երկրում շատ փոփոխություններ են տեղի ունենում: Հայաստան այցս ես այսօր սկսել եմ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից. որպես Հայաստանի բարեկամ և գործընկեր՝ մենք՝ գերմանացիներս, գիտակցում ենք, թե 1915 թվականին ինչպիսի սարսափելի իրադարձություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ: Այս փաստը չպետք է մոռացվի ու չի մոռացվի, և Գերմանիան իր ներդրումն է ունենալու այս հիշողության պահպանման մեջ: 
Մենք հյուրընկալվել ենք Երևանում՝ քաղաքի 2800-ամյա հոբելյանի շրջանակում, ինչը վկայում է այն մասին, որ Հայաստանը բարձր մշակութային և պատմական ավանդույթներ, բայց նաև բաց է նոր ապագայի առջև: Մենք անցյալ ամիսներին հետևել ենք ձեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, խաղաղ ցույցերին և թավշյա հեղափոխությանը, ինչպես այն ընդունված է ասել: Խոսեցինք նաև այն մասին, թե ինչպիսին պետք է լինեն մեր հարաբերություններն առաջիկայում:

Ոչ միայն երկկողմ, այլև Եվրամիության շրջանակում մեր հարաբերությունները շատ լավն են, բայց կարող են էլ ավելի լավը լինել, և կարծում եմ, որ մենք այսօր արդյունավետ օրակարգ քննարկեցինք ինչպես մշակութային, այնպես էլ տնտեսական ոլորտում փոխգործակցությունը զարգացնելու վերաբերյալ: Ինձ ուղեկցում է տնտեսական պատվիրակություն, որն առիթ կունենա շփվելու տեղի հայ գործընկերների հետ: Մենք կարող ենք նաև համագործակցել ենթակառուցվածքների, թվայնացման, ռեսուրսների, ծառայությունների մատուցման ոլորտներում: Շատ կարևոր է համագործակցությունը կրթական ոլորտում. Հայաստանում գործում են դպրոցներ, որտեղ խորացված գերմաներենի ուսուցում է իրականացվում, և այս ծրագիրը կարելի է ընդլայնել: Նաև գիտական համագործակցության շատ լավ օրինակներ ունենք, բայց գերմանական գիտական հաստատությունների հետ կարելի է էլ ավելի խորացնել այս հարաբերությունները: 
Մենք քննարկեցինք նաև Գերմանիայում ապաստան հայցողների խնդիրը: Մենք բավական լավ ենք համագործակցում այս ոլորտում, բայց կարելի է ավելին անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան բժշկական օգնություն ստանալ Գերմանիայում: 
Ուրախ եմ, որ Հայաստանը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ. ուրախալի փաստ է, որ Հայաստանը, մի կողմից, Եվրասիական տնտեսական միության անդամ է, իսկ մյուս կողմից էլ ցանկանում է խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ, և Գերմանիան կանի ամեն ինչ, որպեսզի համաձայնագրի շրջանակում առկա հնարավորություններն օգտագործվեն, և Հայաստանը խորացնի համագործակցությունը Եվրամիության անդամ բոլոր երկրների հետ: 


Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Գիտեք, Գերմանիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, և մենք խոսել ենք այն մասին, որ լավ կլինի, իհարկե, լուծել հակամարտությունները, բայց այն պետք է լուծվի այնպիսի մթնոլորտում, որտեղ բոլոր կողմերը պատրաստ են դրան, և Գերմանիան պատրաստ է նաև այստեղ քաղաքական պատասխանատվություն ստանձնել: 
Եվս մեկ անգամ շնորհակալություն ջերմ ընդունելության համար:

Մենք այսօր այցելել ենք նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որը կրթության փիլիսոփայության հրաշալի օրինակ է, որ որդեգրել է ՀՀ-ն՝ հնարավորություն տալով երեխաներին դրսևորվել իրենց հմտությունները նորարարական տեխնոլոգիաների ոլորտում: Մենք, իհարկե, քննարկեցինք ներքաղաքական հարցեր, նաև կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և հաջողություններ Ձեր դժվարին և պատասխանատու քաղաքական աշխատանքում»:
Այնուհետև ՀՀ վարչապետը և ԳԴՀ կանցլերը պատասխանել են յուրաքանչյուր կողմից երկուական հարցի: