Արցախում քննարկվում է դպրոցներում հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը


Արցախում քննարկվում է դպրոցներում հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը
Օգոստոս 21 23:34 2018

Վերջին շրջանում հասարակության լայն շրջանակներում ակտիվ սկսել են քննարկել Արցախում ևս հնգօրյա ռեժիմի անցնելու հարցը: Ի տարբերություն Հայաստանի Հանրապետության՝ Արցախում դպրոցները գործում են վեցօրյա ռեժիմով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանն ասել է, որ հանրակրթության մասին օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասով ամրագրված է, որ պետական ուսումնական հաստատությունում ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է ուսումնական հաստատությունը, իսկ ոչ պետական ուսումնական հաստատությունում՝ հիմնադիրը: Ուսումնական հաստատությունն այդ հարցը առնվազն տասնհինգօրյա ժամկետում համաձայնեցնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ:

«Այս պահի դրությամբ Արցախում միայն Քաշաթաղի շրջանի Բերձորի N2 դպրոցն է, որը դեռևս 2017 թվականից էր ԿԳՍ նախարարությանը հնգօրյա ռեժիմի անցնելու հայտ ներկայացրել: Ցայսօր մենք այլ ուսումնական հաստատություններից նման հայտ չենք ստացել:Մինչև օգոստոսի 30-ը ներառյալ Արցախի յուրաքանչյուր դպրոց ուսումնասիրություններ կատարելուց հետո կարող է 5-օրյա ռեժիմի անցնելու հայտ ներկայացնել նախարարությանը, որն էլ մեր կողմից համապատասխան ընթացավորում կստանա»,- տեղեկացրել է փոխնախարարը:



loading...