«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի հատվել է 9 հազար ծառ. մեղադրանք է առաջադրվել 15 անձի


«Դիլիջան ազգային պարկում» ապօրինի հատվել է 9 հազար ծառ. մեղադրանք է առաջադրվել 15 անձի
Օգոստոս 21 20:44 2018

Առերևույթ ապօրինի ծառահատումներն իրականացվել են առանձին անտառապահների կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով:

Մասնավորապես՝ վերջիններս ժամանակին միջոցներ չեն ձեռնարկել՝ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատման դեպքերը բացահայտելու, դրանք կատարած անձին կամ անձանց համապատասխանաբար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև՝ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի գույքային վնասը վերականգնելու ուղղությամբ:

Բացի այդ, հանդիսանալով նյութական պատասխանատու անձինք, պարտավոր լինելով կանխել բոլոր տեսակի օրինազանցություններն իրենց ամրակցված պահաբաժինների տարածքում, առանց համապատասխան ստուգումներ իրականացնելու՝ ստորագրել են իրականությանը չհամապատասխանող ընդունման-հանձնման արձանագրություններ, որոնց համաձայն` պահաբաժիններում անտառախախտման արձանագրություններով չձևակերպված ապօրինի հատված ծառեր չեն հայտնաբերվել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ թիվ 8, 9,10 պահաբաժինների անտառապահներ Ա.Մանուչարյանին,Ա.Թամրազյանին, Մ.Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին և 315-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Այսպիսով՝ օգոստոսի 21-ի դրությամբ՝ նշված քրեական գործի շրջանակներում բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ ապօրինի հատված 9 հազար ծառի վերաբերյալ, մեղադրանք է առաջադրվել ընդհանուր առմամբ 15 անձի:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ապօրինի ծառահատումների դեպքի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: