Լրագրող, դերասան, կինոռեժիսոր․ քաղաքապետի հայտնի և անհայտ թեկնածուները


Լրագրող, դերասան, կինոռեժիսոր․ քաղաքապետի հայտնի և անհայտ թեկնածուները
Օգոստոս 21 18:20 2018

Երևանը պատրաստվում է քաղաքապետ ընտրել։ Մայրաքաղաքը  յոթ տարի ղեկավարած Հանրապետական Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո, աշնանը՝  սեպտեմբերի 23-ին, տեղի կունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։ Քաղաքական դաշտի գլխավոր դերակատարներն ու մի շարք այլ քաղաքական ուժեր,  արդեն իսկ հրապարակել են քաղաքապետի իրենց թեկնածուների անունները։



Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն  դերասան Հայկ Մարությանն է, ով առավել հայտնի է որպես՝ «Կարգին Հայկո»։ Հայկ Մարությանը չնայած այն հանգամանքին, որ կատակերգու դերասան է, նա երկար տարիներ բավականին ակտիվ հասարակական գործունեությամբ է զբաղվել  և մասնակցել՝  գրեթե բոլոր քաղաքացիական ակցիաներին ընդդեմ նախկին իշխանությունների։ Նա նաև թավշյա հեղափոխության անդամներից էր, հարթակում՝ Փաշինյանի կողքին կանգնողներից։ Թավշյա հեղափոխությունից հետո Մարությանը դիմում գրեց եւ անդամակցեց ՔՊ-ին, ըստ էության արդեն իսկ ունենալով երաշխիքներ, որ հաջորդ կանգառը քաղաքապետարանի շենքում է լինելու։

Չնայած այն հանգամանքին, որ  Նիկոլ Փաշինյանի և իր թիմի նկատմամբ ժողովրդի համակրանքը մեծ է, Հայկ Մարությանի թեկնածությունը ոչ այնքան միանշանակ ընդունվեց հայ հանրության կողմից։ Իշխանությունն էլ շտապեց Մարությանին համեմատել Շվարցենեգերի հետ։



ԵԼՔ դաշինքի մաս կազմող մյուս կուսակցությունները՝ Հանրապետություն և Լուսավոր Հայաստան կուսակցություններն արդեն հայտարարել են, որ միասնական ցուցակով են հանդես գալու, որը կգլխավորի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Մեզ հետ զրույցում Արտակ Զեյնալյանը նշել էր, որ ՔՊ-ից առանձին հանդես գալը իրենց տակտիկական քայլն է։ Նշենք, որ Արտակ Զեյնալյանը ԵԼՔ դաշինքի ցուցակով 2017 թ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ընտրվել էր ԱԺ պատգամավոր, իսկ 2018թ մայիսից ստանձնել՝ ՀՀ Արդարադատության նախարարի պաշտոնը։ Զեյնալյանը արձակուրդ կվերցնի, որ քարոզարշավ անի։



«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջին համարով առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը, ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավորն է։ Նաիրա Զոհրաբյանը երկար տարիներ աշխատել է լրագրող, որոշ ժամանակ նաև եղել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը։ Պաշտոնապես Զոհրաբյանը դեռ չի առաջադրվել, բայց վերջին օրերին ակտիվ քարոզչությամբ է զբաղված։ Նրան պարբերաբար կարելի է տեսնել այս կամ այն թաղամասում, այս կամ այն խնդիրը բարձրացնելիս։



«ՀՀՇ»-ի ցուցակը կգլխավորի կուսակցության նախագահ՝ Արարատ Զուրաբյանը, ով նույնպես «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է։ Արարատ Զուրաբյանը 1995-1994 թթ եղել է ՀՀ ներքին զորքերի հրամանատարի տեղակալ։ Նախկին ընդդիմադիր Զուրաբյանը ժամանակին եղել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։ Հիմա ցանկանում է ղեկավարել ամբողջ Երեւանը։



«Երկիր ծիրանի» կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում տեսնում է Զարուհի Փոստանջյանին, ով Երևանի ավագանու անդամ է 2017թ-ից։ Զարուհի Փոստանջյան նախկինում «Ժառանգություն» կուսակցության անդամ է եղել, որի ցուցակով էլ 2007 և 2012 թվականների խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԱԺ պատգամավոր։ Նախկին իշխանություններին խիստ քննադատող, Տարոն Մարգարյանի կյանքն էլ դժոխքի վերածող Փոստանջյանը ոչ մեկի հետ համագործակցելու ցանկություն չի հայտնել։ Բոլորը ըստ նրա ծախված են։

 

Փոստանջյանի վաղեմի համակուսակիցները ևս մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին։  «Ժառանգություն» կուսակցության ցուցակը կգլխավորի կուսակցության հիմանդիր, ՀՀ առաջին արտգործնախարար, 2013թ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրված, «Պուտինից բադասխան ուզող»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը վստահ էր հինգ տարի առաջ նախագահ է ընտրվել, բայց նրա քայլերն այդ ժամանակ ուղղվեցին ոչ թե Բաղրամյան 26, այլ՝ Ծիծեռնակաբերդ։ Հասարակության հուշերում թարմ են նրա եւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աղոթքի կադրերը։



Գյումրիում ստեղծված «ԳԱԼԱ»  կուսակցությունը քաղաքապետի պաշտոնում կառաջադրի Անահիտ Թարխանյանի թեկնածությունը, ով  Անդրեաս Ղուկասյանի կինն է։  Հիշեցնենք, որ Անդրեաս Ղուկասյանը 2013թ նախագահական ընտրությունների ժամանակ առաջադրել էր թեկնածությունը, սակայն քարոզարշավին չի մասնակցել, փոխարենը հացադուլ էր հայտարարել։ Ղուկասյանը սեփական կուսակցությունն ունի, սակայն կինը ապավինել է հայրաքաղաքում գործունեություն ծավալող կուսակցության հույսին։ Անահիտ Թարխանյանն էլ մասնագիտությամբ ճարտարապետ է։


Երեւան ու երեւանցին պաշտոնական քարոզարշավի ընթացքում քաղաքապետի հայտնի թեկնածուների շարքում կտեսնեն նաեւ հասարակությանը ոչ այդքան հայտնի անձանց։ Մասնավորապես այս պահի դրությամբ քաղաքապետի թեկնածու առաջադրելու մասին են հայտարարել նաեւ  «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, որի ցուցակը  գլխավորելու է կուսակցության ղեկավար Մանուել Գասպարյանը։

ԲՀԿ-ից պոկված, Սերժ Սարգսյանին հավատարմության երդում տված, սակայն մերժված Վահան Բաբայանի  «Ռեֆորմիստներ»  կուսակցության թեկնածուն էլ կինոռեժիսոր՝ Արտակ Ավետյանն է։

 

Հավելենք, որ ՀՀԿ հայտարարել է, որ չի մասնակցելու ավագանու ընտրություններին։ Քաղաքապետի ընտրություններին չի մասնակցի նաեւ ՀԱԿ-ը։ Կուսակցություններից ՀՅԴ-ն էլ դեռ վերջնական որոշում չունի։

Պաշտոնական քարոզարշավը տեւելու է 12 օր։ Ինչպես ասում են հետաքրքիր զարգացումները դեռ առջեւում են։

Վաչիկ Գրիգորյան