Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին


Արա Բաբլոյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
Օգոստոս 21 15:47 2018

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանն օգոստոսի 21-ին ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկասս Գասսերին:

Արա Բաբլոյանը, բարձր գնահատելով դեսպանի առաքելությունը Հայաստանում, ընդգծել է, որ երկու երկրների միջեւ առկա են դինամիկ զարգացող հարաբերություններ ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, մշակութային, կրթական եւ առողջապահական ոլորտներում:

Խորհրդարանի ղեկավարը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Շվեյցարիան չեն բավարարվի ձեռք բերված տպավորիչ արդյունքներով եւ կշարունակեն էլ ավելի խորացնել ու զարգացնել հարաբերությունները: Այս առումով Արա Բաբլոյանը հատկապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին` Արա Բաբլոյանը երկրի հետագա զարգացման գործում ընդգծել է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կողմից բարեփոխումների իրականացման կարեւորությունը: Խորհրդարանի ղեկավարը շեշտել է, որ այդ ճանապարհին էական է մի շարք բացասական երեւույթների, այդ թվում կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարը, ինչպես նաեւ երկրում ժողովրդավարության հետագա խորացումն ու ամրապնդումը:

Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկասս Գասսերը գոհունակությամբ նշել է, որ իր դիվանագիտական առաքելության տարիները Հայաստանում եղել են հագեցած օրակարգով ու հետաքրքիր: Դեսպանը բարձր է գնահատել տարվա սկզբին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան:

Լուկասս Գասսերը վերահաստատել է շվեյցարական կողմի պատրաստակամությունն ու գործուն աջակցությունն ուղղված հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը: 



loading...