Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին ճգնաժամային է. քաղաքագետ


Հայ-ռուսական հարաբերություններն այս պահին ճգնաժամային է. քաղաքագետ
Օգոստոս 21 00:42 2018

Tert.am-ը գրւմ է. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ ՌԴ-ի հետ հարաբերություններին առնչվող, կապված է նրա հետ, որ Հայաստանը ցանկանում է հարաբերությունների հարթությունը փոխել՝ դառնալով ինչպես հավասարը հավասարի հետ:

Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Սակայն նա դժվարացավ ասել, թե նման քաղաքականությունն ինչ հանգուցալուծում կունենա:

«ՌԴ–ն այն պետությունը չէ, որն ընդունակ է ուղղահայաց հարաբերությունների, իհարկե, եթե նրան չեն պարտադրում դա անել: Այսինքն՝ սա ընդամենը ցանկություն է, և մենք հասկանում ենք, որ իրականությունը շատ ավելի բարդ է, կյանքը ցույց կտա, թե որքանով դա կդառնա իրականություն»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը հայ-ռուսական հարաբերություններն այս պահին մեկ բառով է որակում՝ ճգնաժամային, ընդ որում անկանխատեսելի ելքով ճգնաժամ է համարում:

 
 

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ինչ-որ առումով ճգնաժամը կառավարելի է: Նա համակարծիք է այն դիտարկման հետ, որ ՌԴ հասարակական ու քաղաքական գործիչները մեկ անգամ չեն հայտարարել, որ Ադրբեջանն իրենց ռազմավարական դաշնակիցն է, ավելին՝ ԵՏՄ-ն առանց Ադրբեջանի չի կարող լինել: Նրա կարծիքով՝ այս ամենը անհետևանք չի մնա, ավելին՝ գտնում է, որ հիմա ՀՀ–ը բավականին բարդ վիճակում է:

«Այո՛, սա իսկապես լինելու է շատ բարդ, քանի որ Ադրբեջանը ՌԴ-ի համար մնում է ամենահոգեհարազատ երկիրը՝ բոլոր առումներով: Բան այն է, որ նույն դիկտատուրան ու նույն անփոփոխ իշխանությունն է, իհարկե, ՀՀ-ն այս իմաստով որպես համակարգ հանդիսանում է շատ վատ օրինակ, շատ վտանգավոր օրինակ: Այս իմաստով ձեր բերած օրինակն էլ վկայում է այն մասին, որ ՀՀ-ն շատ բարդ վիճակում է, իսկ, թե ինչպես է իրականություն դառնալու Փաշինյանի տեսլականը, լավ չեմ պատկերացնում, քանի որ այսօրվա ՌԴ-ն հենց այն է,  ինչի դեմ հեղափոխություն տեղի ունեցավ ՀՀ-ում»,- ընդգծեց Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետը վտանգ է տեսնում նաև Արցախի հիմնախնդրի հետ կապված, քանի որ ՌԴ-ն Ադրբեջանին դաշնակից է համարում: Նա չի բացառում նաև նոր սադրանքներ հայ-ադրբեջանական սահմանին. «Հենց մեր խոսակցության պահին էլ հնարավոր է, հիմա բավականին անկանխատեսելի ժամանակահատվածում ենք ապրում: Սա այն իրականությունն է, որի մեջ կանք ու տևական ժամանակ կլինենք: ՀՀ-ում փոխվեց իշխանությունը, եկան մարդիկ, որոնց վրա կոմպրոմատ ՌԴ-ն չունի, բնականաբար, այդ լարումը շատ օրինաչափ ձևով մեծացավ, ինչը նույնպես բնական է: Ոչ թե նոր կառավարությունն է մեղավոր, այլ օբյեկտիվ իրավիճակ է»,- շարունակեց Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետն այս պահին Արցախի հիմնախնդրի կարգավորման հեռանկար չի տեսնում: Մեհրաբյանի խոսքով՝ միակ հնարավորությունն առկա վիճակը կառավարելի հունում պահելն է՝ թույլ չտալով սրանից ավելի զարգացումներ: Ինչ վերաբերում է միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերին, Մեհրաբյանը շեշտեց, որ առկա իրողությունը հուշում է, որ ՀՀ-ն պետք է դիվերսիֆիկացնի իր արտաքին քաղաքականությունը, արտաքին տնտեսական քաղաքականությունը, անվտանգության ու պաշտպանական քաղաքականությունը: