ՔԿՀ դատապարտյալների համար բերված հանձնուքներում գտել են հեռախոսի բաժանորդային քարտեր, կասկածելի փոշի եւ դառը աղցան


ՔԿՀ դատապարտյալների համար բերված հանձնուքներում գտել են հեռախոսի բաժանորդային քարտեր, կասկածելի փոշի եւ դառը աղցան
Օգոստոս 20 16:12 2018

Օգոստոսի 17-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել դատապարտյալ Մ. Ս.-ին կարճատեւ տեսակցության եկած քաղաքացուհի Ն. Ս.-ին, որի սպորտային կոշիկների տակդիրի տակից հայտնաբերել են կպչուն ժապավենով փաթեթավորված բջջային հեռախոսի 5 բաժանորդային քարտ:

ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, քաղաքացի Ա. Վ.-ի կողմից դատապարտյալ Ս. Ն.-ի անվամբ բերված հանձնուքի մեջ առկա 400 գրամ շաքարավազում հայտնաբերել են կասկածելի, փոշենման զանգված:

Օգոստոսի 17-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում,  օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննության են ենթարկել կալանավորված անձ Մ. Կ.-ի անվամբ քաղաքացուհի Ք. Տ.-ի կողմից բերված հանձնուքը: Պլաստմասե երկու տարաների մեջ առկա է եղել կասկածելի դառը համով աղցան:

Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: