Արարատ Միրզոյանի առաջարկը ծիծաղելի են որակում տնտեսագետները


Արարատ Միրզոյանի առաջարկը ծիծաղելի են որակում տնտեսագետները
Օգոստոս 20 11:38 2018

Օգոստոսի 9-ին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն տարածեց, որը շատերի մոտ մեծ ոգևորության առիթ հանդիսացավ: Միրզոյանն իր գրառման մեջ մասնավորապես հայտարարում էր. «Գաղտնիք չի, որ կոռումպացված հասարակություններում կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում տվյալ երկրից և տեղափոխվում այլ երկրներ՝ համեմատաբար հանգիստ և ապահով հանգրվան գտնելու, գրում է politik.am-ը։

Այս արատավոր պրակտիկային վերջ դնելու և թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային բանկի և UNODC-ի նախաձեռնությամբ հիմնված մի գործիք կա՝ Stolen Asset Recovery Initiative-ը։

 

Մեր երկրից թալանված և արտերկրում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով այսօր Stolen Asset Recovery Initiative-ից խորհրդատվական և տեխնիկական աջակցություն ստանալու վերաբերյալ նամակ եմ գրել Համաշխարհային բանկի ղեկավարությանը»:

Առաջին փոխվարչապետի այս հայտարարությունը քմծիծաղ է առաջացրել տնտեսագետների մոտ: Կենտրոնական Բանկի նախկին նախագահ Բագրատ Ասարտյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով փոխվարչապետի հայտարարությանը նշել է. «Համաշխարհային բանկը նման կառույցներ չունի, չի կարող զբաղվել նման բանով: Գուցե կան նման կառույցներ, բայց Համաշխարհային բակը չի հաստատ: Հայտարարել, որ դիմում ենք ՀԲ-ին, կներեք, բայց դա չի կարող այդպես լինել»:

Փոխվարչապետ Միրզոյանի նշած Stolen Asset Recovery Initiative գործիքը աշխատում է ՄԱԿ-ի հակակոռուպցիոն բանաձևի պահանջներին համապատասխան: Իհարկե հնարավոր է այս գործիքը օգտագործել,  բայց դրա համար պետք է լինեն կարծր հիմքեր: Նախ պետք է նշել, որ աշխարհում 30-ից ավել երկիր չի միացել 2003 թվականին վերնշված կոնվեցիային ու ստացվում է, որ եթե այդ երկրներում լինեն անօրինական գումարներ, ապա այս գործիքը չի աշխատի: Եվ հետո այս գործիքի միջոցով անօրինական գումարներ վերադարձնելու համար անհրաժեշտ է անցնել բարդ և երկարատև ճանապարհ:

 

Այս ամենի մեջ, սակայն առավել տարակուսելին այն է, որ երկրի տնտեսությամբ զբաղվող առաջին փոխվարչապետը տեղյակ չէ, որ Համաշխարհային բանկը չունի նման գործառույթ: Ու հետաքրքիր է, թե ՀԲ-ում ինչպիսի կարծիք կձևավորվի Հայաստանի մասին, եթե ստանան առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի նամակը, որով նա ՀԲ-ին խնդրում է օգնել Հայաստան վերադարձնել երկրից անօրինական հանված գումարները: