Պետք է պատրաստ լինեն ցնցումների. տնտեսագետը՝ Հայաստանում արտահանմամբ զբաղվողներին


Պետք է պատրաստ լինեն  ցնցումների. տնտեսագետը՝ Հայաստանում արտահանմամբ զբաղվողներին
Օգոստոս 19 20:52 2018

Tert.am-ը գրում է. Արտահանմամբ զբաղվող հայկական բիզնեսի ներկայացուցիչները պետք է պատրաստ լինեն, որ առաջիկայում ՌԴ-ում ամերիկյան պատժամիջոցների հետևանքով արժեզրկման պատճառո, իրենց ոչ հեշտ ժամանակներ են սպասվում։ Պետք է պատրաստ լինեն  ցնցումների և այս պահին եղած առավելությունները լրացուցիչ նորերով փոխարինելուն։ 

«Թե ինչքանով կհաջողվի, բարդ է ասելը, որովհետև լրացուցիչ տեխնոլոգիական ներդրումների կարիք կա շուկայում մրցունակ լինելու համար, և նաև այնտեղի շուկայի նոր պայմաններին հարմարվելու համար կրկին ինչ-որ նորամուծությունների կարիք կա»,-Tert.am -ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, ով ՌԴ-ում ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով նույնպիսի բացասական հետևանքներ է կանխատեսում հայաստանյան տնտեսության վրա, ինչ 2-3 տարի առաջ։ 

«Անցած անգամ մեր բիզնեսը ուղղակի չկարողացավ ադապտացվել։ Ոչ թե չկարողացավ, այլ պատրաստ չէր և հետագայում այդ ադապտացումը բավականին երկար տևեց, ինչի արդյունքում էլ 2016-ին 0 տնտեսական աճ ունեինք։ Հիմա էլ բիզնեսի համար ոչ հանգիստ կամ ոչ նպաստավոր պայմաններ են, նկատի ունեմ՝ հիմնականում ռուսական շուկա արտահանող բիզնեսի, և այնտեղ կրկին պետք է պատրաստ լինեն ռուսական շուկայի ցնցումներին»,-հավելեց Վահագն Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ ամերիկյան նոր պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում շարունակվում են ֆինանսական և բորսային շուկայում ցնցումները, իսկ ռուբլին արդեն անցել է մոտ 2 տարի առաջ գրանցված ամենացածր ցուցանիշը, և այսօր մեկ ռուբլին հայաստանյան բանկերում կարելի է գնել 6․92 ՀՀ դրամով։ 

Բացասական առումով երկրորդ լրացնող հանգամանքն առնչվում է տրանսֆերներին։ Միակ դրականն այն է, որ այս պահի դրությամբ  նավթի համաշխարհային գները դեռևս բարելի դիմաց 70 ԱՄՆ դոլարի սահմաններում են։ 

 



loading...