«Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն դեռ չեն քննարկել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը


«Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ-ն դեռ չեն քննարկել սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը
Օգոստոս 19 00:26 2018

Tert.am-ը խորհրդարանական երեք ուժերից հետաքրքրվել է, թե ինչպիսի դիրքորոշում ունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ արած այն հայտարարության վերաբերյալ, որ նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել սահմանադրական փոփոխություններ:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ այս հարցը չեն քննարկել կուսակցությունում, հետևաբար ներկայացրեց իր անձնական կարծիքը: «Մենք գործ ունենք Հայաստանում ներքաղաքական ֆորս մաժորի հետ, կարծում եմ, և այս վիճակից դուրս գալու լավագույն ելքն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և կարևոր է, որ այդ գործընթացը նոր սրացումների և անցանկալի զարգացումների չբերի, հետևաբար այս կոնտեքստում  կարելի է ցանկացած խելամիտ առաջարկ քննարկել»,-ասաց նա:

Հարցին, թե միտում տեսնում եք, որ ՀՀԿ-ն չի գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և վարչապետի այլ թեկնածու կառաջադրի, Արսեն Համբարձումյանն ասաց, որ նման զարգացման հավանականություն այս պահին չի դիտարկում: «Ես հարցը այդ կոնտեքստում չէի դիտարկի, նախ պետք է հասկանալ, թե սահմանադրական փոփոխությունների փաթեթը ինչ պետք է ներկայացնի, և այդ դեպքում կարելի է հարցը քննարկել ԱԺ արձակման կոնտեքստում»,-ասաց նա:

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ ամեն ինչ կորոշի Ազգային ժողովը, և որևէ մեկը թող չմտածի, որ Ազգային ժողովը կա՛մ կառավարության, կա՛մ Նիկոլ Փաշինյանի կցորդն է: «Ազգային ժողովն է լեգիտիմացրել Փաշինյանին, և Փաշինյանը թող բարի լինի, ոչ թե հակահեղափոխականներ փնտրի, այլ ինչ խոստումներ տվել է` կապված թռիչքային զարգացման, աշխատատեղերի ստեղծման, արտագաղթ չլինելու, ներդրումային բումի, բազում տնտեսական ծրագրերի, արտաքին քաղաքականության ձեռքբերումների  հետ, դրանցով զբաղվի»,-ասաց նա:

Ըստ նրա` Սահմանադրությունը նրա համար չէ, որ որևէ մեկը իր ցանկությամբ ծառայեցնի իր պաշտոնավորման համար: Ինչ վերաբերում է հարցին, թե հավանական է, որ «Հանրապետականը» չգնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և այլ վարչապետի թեկնածու առաջադրի, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. ««Հանրապետական» կուսակցությունն առաջնորդվելու է բացառապես Հայաստանի Հանրապետության շահից և Արցախի ու Հայաստանի անվտանգության գերակայությունից ելնելով: Ինչպես կպահանջի Հայաստանի և Արցախի շահը, այնպես կվարվենք, բայց ինչ անում և ասում է Փաշինյանը, հակասում է  Հայաստանի և Արցախի և՛ անվտանգությանը, և՛ պետական շահին:

Մանրամասները՝ այստեղ: