Կատու պահելը երեխաների մոտ ասթմայի առաջացման պատճա՞ռ


Կատու պահելը երեխաների մոտ ասթմայի առաջացման պատճա՞ռ
Օգոստոս 18 23:34 2018

Ընտանի կենդանիներ պահելը կարող է երեխաների մոտ ասթմայի առաջացման պատճառ դառնալ: Սա փոքր-ինչ հնացած տեղեկատվություն է: Նոր ուսումնասիրությունները խոսում են այլ փաստարկումների մասին:

Ասթման շնչառական ուղիների բորբոքային հիվանդություն է, որի  առաջացման գործոններ համարվում են ինչպես ժառանգական նախատրամադրվածությունը, այնպես էլ ալերգենները, օդի աղտոտվածությունը, շրջակա միջավայրի քիմիական նյութերը, ծխախոտի ծուխը:

Բժիշկներն ասթմայի առաջացումը կանխելու համար խորհուրդ էին տալիս նվազեցնել ռիսկի գործոնները, այդ թվում՝ բացառել տանը ընտանի կենդանիներ՝ շուն, կատու պահելը:

Վերջերս կատարված մի ուսումնասիրության համաձայն, սակայն,  կատվի ալերգենները միշտ չէ, որ ասթմայի պատճառ են: Ճիշտ հակառակը:

Դանիացի բժիշկներն ուսումնասիրել են շների և կատուների ազդեցությունը՝ երեխաների մոտ ասթմայի առաջացման հարցում: Պարզվում է՝ տանը կատու ունենալն էապես նվազեցնում է ժառանգական նախատրամադրվածությամբ՝  ասթմայով կամ թոքերի բորբոքումով հիվանդանալու հավանականությունը:

Ուսումնասիրություններն անցկացվել  են 377 երեխաների շրջանում, որոնց մայրերն ունեցել են ասթմա: Նրանցից 109-ի մոտ հայտնաբերվել է ասթմայի ժառանգական նախատրամադրվածություն: Երեխաներից 281-ի տանը վաղ հասակում որևէ կենդանի չի եղել, 12-ինը եղել է և՛ շուն, և՛ կատու, իսկ մյուսները տանն ունեցել են այդ երկու կենդանիներից միայն մեկը:

Բժիշկներն ուսումնասիրել են այդ երեխաների անկողիններում առկա կենդանական ալերգենների քանակը: Այնուհետ գնահատել են յուրաքանչյուր երեխայի մոտ ասթմայի առաջացման հավանականությունը: Նրանց, ում տանն ալերգենների մեծ քանակություն է արձանագրվել, ասթմայի ռիսկը բժիշկները գնահատել են 20 տոկոս, փոքր քանակի դեպքում՝ կրկնակի:Երեխայի ծննդից կարճ ժամանակ առաջ և հետո միջավայրի գործոններն էապես ազդում են նրա իմունային համակարգի վրա: Ենթադրվում է, որ տանը կենդանիների ներկայությունը մեծացնում է այդ միջավայրում մանրէների քանակն ու բազմազանությունը, ինչն էլ կատարելագործում  է փոքրիկի իմունային համակարգը:

Աղբյուրը՝ doctors.am