Ռաֆայել Մեհրաբյանի և բռնցքամարտի ֆեդերացիայի «ջրերը մեկ առվով չեն հոսում»


Ռաֆայել Մեհրաբյանի և բռնցքամարտի ֆեդերացիայի «ջրերը մեկ առվով չեն հոսում»
Օգոստոս 16 21:32 2018

News.am-ը գրում է. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անօրինական են եղել: Իսկ Արթուր Գեւորգյանից բացի մեկ այլ թեկնածուի հայտ ներկայացվելը խոչընդոտվել է ֆեդերացիայի կողմից, այդ պատճառով միակ թեկնածուն գործող նախագահն է եղել: Մենք ցանկանում ենք նոր օրինական ֆեդերացիա հիմնել, որտեղ ամեն ինչ կլինի արդար:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց բռնցքամարտի կանանց Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, որն այս շրջանում հայկական բռնցքամարտի մարզչական շտաբից հեռացված է մարզչական ոչ պատշաճ դրսեւորման պատճառով:

Արդեն տեւական ժամանակ Ռաֆայել Մեհրաբյանի եւ բռնցքամարտի ֆեդերացիայի «ջրերը մեկ առվով չեն հոսում»: ՀԲՖ նիստերի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը կտրուկ եւ հստակ դիրքորոշում է արտահայտում Ռաֆայել Մեհրաբյանի, ինչպես նաեւ նրան համախոհ մի քանի մարզիչների մասին, որոնք, ըստ Արթուր Գեւորգյանի խաթարում են ֆեդերացիայի բնականոն աշխատանքը եւ խոչընդոտում երիտասարդ մասնագետների մուտքը բռնցքամարտ:

Օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ-ի հերթական նիստում Արթուր Գեւորգյանը վերընտրվեց նախագահի պաշտոնում, որին հաջորդեց նոր ֆեդերացիա ստեղծելու նախաձեռնությամբ Ռաֆայել Մեհրաբյանի եւ մի շարք այլ ավագ սերնդի մարզիչների հանդիպումը ՀԱՕԿ նախագահի հետ: Հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանը խոստացել է ֆեդերացիայի նիստն ուսումնասիրելուց եւ համոզվելուց հետո, որ այն անօրինական է անցել, նոր ֆեդերացիա հիմնել՝ չընդունելով գործող ֆեդերացիան:

Պարոն Մեհրաբյան, ինչո՞ւ է բռնցքամարտի աշխարհը բաժանվել երկու մասին:

Ես եւ մի շարք վաստակաշատ մարզիչներ, ովքեր մեծ ավանդ ունեն հայկական բռնցքամարտում, չենք ընդունում ֆեդերացիայի վերջին նիստում կայացած ընտրության արդյունքները: Մենք պարբերաբար մեր դժգոհությունն ենք արտահայտում այս կամ այն հարցի շուրջ, բայց դա որեւէ կերպ չի լսվում, չի քննարկվում եւ չի ընդունվում ոչ ֆեդերացիայի եւ ոչ ֆեդերացիայի նախագահի կողմից: Մեզ համար այս ընտրություններն անօրինական են, բազմաթիվ խախտումներով ընթացան, այնպիսի մարդիկ քվեարկեցին եւ 58 ձայն ապահովեցին, որոնց մեծ մասին մենք առաջին անգամ էինք տեսնում: Քանի որ մեր դժգոհությունը որեւէ մեկը չի լսում, դիմեցինք ՀԱՕԿ նախագահին, ներկայացրեցինք դրությունը, ինքս էլ առաջարկ արեցի բացել նոր ֆեդերացիա, բոլորովին նոր օրինական ֆեդերացիա, որը կճանաչվի ԱԻԲԱ-ի կողմից եւ կաշխատի արդար:

Նշեցիք, որ խախտումներով է անցել ընտրությունը: Որո՞նք են դրանք:

Նախ այն, որ նիստին ներկա եւ քվեարկելու իրավունք ունեցող անձանց 70 տոկոսին ես չէի ճանաչում: Այնպիսի մարդիկ էին հավաքված նիստին, ովքեր միանշանակ կողմ էին քվեարկելու Արթուր Գեւորգյանին: Քվեարկությունն անցել է բաց, բայց օրենքով այն պետք է լիներ դռնփակ՝ փակ, գաղտնի քվեարկություն: Այդ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն բոլոր մարզադպրոցները: Սովորաբար, ֆեդերացիան նամակ է ուղարկում, թե որ դպրոցից քանի ներկայացուցիչ է պետք: Իսկ այս անգամ ֆեդերացիան անուն-ազգանուններով էր նամակներն ուղարկել՝ ով պետք է ներկա գտնվի այդ նիստին, ով ոչ: Այսինքն՝ իրենք նիստին հրավիրել են այն մարդկանց, ովքեր իրենց պետք է ձայն տային: Եւս մի քանի խախտում եմ արձանագրել՝ ֆեդերացիայի ընտրությունը տեւեց ընդամենը 11 վայրկյան՝  միայն քվեարվեց, հայտարարեցին 58 ձայն ու վերջ. քանի դեմ կար, քանի ձեռնպահ կար... Այս ամենը օրենքի խախտում է:

Ո՞րն է Ձեր խնդիրը գործող ֆեդերացիայի հետ:

Արթուր Գեւորգյանի հետ ես որեւէ անձնական խնդիր չունեմ: Նա ինձ շատ է օգնել, ես իրեն եմ օգնել, երկու անգամ իրեն Օլիմպիական խաղեր եմ տարել: Մեր հարաբերությունները շատ լավ են: Բայց կա մի պատմություն, որը սեւացնում է այդ հարաբերությունները. Մի աղջիկ կար, ով իմ դեմ բողոքել էր, թե իբր ես իրեն հարվածել եմ: Հետո ապացուցվել էր, որ ես նրան չեմ ապտակել, այլ խիստ եմ խոսել հետը: Այդ բողոքից հետո Արթուր Գեւորգյանը որոշեց, որ ես պետք է ավարտեմ իմ մարզչական կարիերան: Ես նրան դեռ այդ ժամանակ ասացի, որ իմ կարիերան դեռ չի ավարտվել, այլ ես հետ եմ գալու ներկայիս ֆեդերացիայի ղեկավարությունից հետո:

Մանրամասները՝ այստեղ:



loading...