Թուրքական դատարանը կրկին մերժել է ամերիկացի քահանայի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը


Թուրքական դատարանը կրկին մերժել է ամերիկացի քահանայի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Օգոստոս 15 21:12 2018

Թուրքիայում Իզմիր քաղաքի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 2 դատարանը մերժել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի՝ որպես նախնական խափանման միջոց տնային կալանքն ու նրա հանդեպ սահմանված երկրի դուրս գալու արգելքը չեղարկելու մասին նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը, այս մասին հաղորդում է CNN Turk-ը։

Թուրք-ամերիկյան հարաբերությունների նոր ճգնաժամի պատճառ դարձած աղմկահարույց դատական գործը շարունակում է մնալ թուրքական ու արևմտյան լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Բրանսոնի շահերը պաշտպանող հայազգի փաստաբան Իսմայիլ Ջեմ Հալավուրթը հայտնել է, որ միջնորդության բավարարման համար կդիմի Իզմիրի առանձնակի ծանր հանցագործությունների թիվ 3 դատարան։ 

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ-ն կրկնապատկել է Թուրքիայից ալյումինի ու պողպատի ներկրման համար մաքսատուրքերը, ինչպես նաև Թուրքիայում ամերիկացի հոգևորականի կալանավորման շուրջ տարաձայնությունների ֆոնին նոր պատժամիջոցներ է սահմանել Անկարայի նկատմամբ:

Ի պատասխան դրա Թուրքիան հայտարարել է ամերիկյան շինանյութն ու էլեկտրատեխնիկան բոյկոտելու, ինչպես նաև բազմաթիվ ամերիկյան ապրանքների ներկրման մաքսատուրքերի բարձրացման մասին։