Ինչու Իլհամ Ալիևն «ազատ արձակեց» ընդդիմության հնարավոր առաջնորդին


Ինչու Իլհամ Ալիևն «ազատ արձակեց» ընդդիմության հնարավոր առաջնորդին
Օգոստոս 14 19:14 2018

Օգոստոսի 13-ին Ադրբեջանի իշխանությունները պայմանական ազատ են արձակել ընդդիմադիր, REAL շարժման նախագահ Իլգար Մամեդովին, ով ձերբակալվել էր 2013թ. փետրվարի 4-ին Իսմայիլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: 

Մամեդովին ազատ արձակելով՝ Ադրբեջանի իշխանությունները փորձեցին լուծել մի քանի խնդիր: Նախ, միջազգային հանրությունը պարբերաբար ճնշումներ էր գործադրում Ադրբեջանի իշխանությունների վրա՝ քննադատելով մարդու իրավունքների խախտումները երկրում և կոչ անելով ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Իլգար Մամեդովին: Նման ճնշման դրսևորման օրինակներից են Իլգար Մամեդովի վերաբերյալ 2013թ-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից Ադրբեջանի վերաբերյալ զեկույցները և այլն: Ըստ էության, ընդդիմադիր գործչի պայմանական ազատ արձակմամբ Ադրբեջանակն իշխանությունները փորձում են մեղմել այդ ճնշումները և փոխել Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության մոտ առկա տրամադրությունները:

Երկրորդ, 2014թ-ին ՄԻԵԴ վճիռը, որտեղ Մամեդովի ձերբակալությունը դիտարկվում էր որպես ապօրինի և կոչ էր արվում ազատ արձակել նրան, այնուհետև ՄԻԵԴ-ի վճիռը չկատարելու հետևանքով Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից Ադրբեջանի նկատմամբ աննախադեպ իրավական գործընթաց սկսելը Ադրբեջանի համար ԵԽ անդամակցությունից զրկվելու լուրջ սպառնալիքներ առաջացրին: Չնայած նրան, որ Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, որ պատրաստ են անգամ խզել Եվրոպայի խորհրդի հետ կապերը, ակնհայտ էր, որ դա չի համապատասխանում իրականությանը, և Ադրբեջանը հազիվ թե կգնա նման քայլի:

Մամեդովին պայմանական ազատ արձակելու հնարավորության մասին Ադրբեջանը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ ԵԽ նախարարների կոմիտեն սկսեց իրավական գործընթացը՝ գնահատելու, թե արդյո՞ք Ադրբեջանը կատարել է ՄԻԵԴ-ի վճիռը (2010թ.-ին ընդունված այս ընթացակարգը ԵԽ-ն առաջին անգամ կիրառվել է հենց Ադրբեջանի նկատմամբ): Մամեդովը, սակայն,  պայմանական ազատ արձակվեց այդ հայտարարությունից 7 ամիս անց, որի պատճառն, ամենայն հավանականությամբ, ապրիլին Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններն էին: Ըստ տարբեր գնահատականների՝ ընտրությունների ժամանակ Մամեդովը կարող էր համախմբել ընդդիմադիր ուժերին՝ դառնալով նրանց առաջնորդը, և նման սցենարը ցանկալի չէր լինի դեռ 2003թ.-ից Ադրբեջանը կառավարող Իլհամ Ալիևի համար:

Հատկանշական է, սակայն, որ Մամեդովի պայմանական ազատ արձակումը դեռևս չի նշանակում ՄԻԵԴ վճռի լիարժեք կատարում, քանզի Մամեդովի նկատմամբ մեղադրանքը դատարանը դեռևս չի չեղարկել, և նա զրկված է ազատ տեղաշարժի՝ Ադրբեջանը լքելու իրավունքից: Այս մասին արդեն իսկ բարձրաձայնել են մի շարք իրավապաշտպան միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ Human Rights Watch-ը, Amnesty International-ը և այլն:

Այսպիսով, կարող ենք փաստել, որ Իլգար Մամեդովի պայմանական ազատ արձակումն առավելապես ուղղված էր միջազգային հանրության քննադատությունները հանդարտեցնելուն, և առնվազն միամտություն կլինի կարծել, թե Ադրբեջանի իշխանություններն այլախոհների նկատմամբ դարձել են առավել հանդուրժող: Իլգար Մամեդվին Ադրբեջանի իշխանությունները դեռևս համարում են մեղավոր Իսմայիլիի շրջանում անկարգություններ կազմակերպելու համար, երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ (ըստ Քաղբանտարկյալների պաշտպանության կոնտրոնի 2018թ-ի տվյալների՝ Ադրբեջանում կա 161 քաղբանտարկյալ), իշխանությունների կողմից շարունակում են հետապնդումների ենթարկվել բոլոր այլախոհները, ԶԼՄ-երը զրկված են տեղեկատվություն տարածելու ազատությունից:

 Այս առումով կարևոր է, որ Ադրբեջանի միջազգային գործընկերները Մամեդովի հետ կապված զարգացումներին արձագանքելիս հաշվի առնեն Ադրբեջանում տիրող իրավիճակը և տուրք չտան այդ երկրի իշխանությունների հերթական «բեմականացմանը»:   

Գրետա Ավետիսյան

Քաղաքագետ

Armenpress.am