Էրդողանը՝ ԱՄՆ-ին «Մի կողմից գործընկեր են լինելու, իսկ մյուս կողմից մեր ոտքի՞ն են կրակելու»


Էրդողանը՝ ԱՄՆ-ին «Մի կողմից գործընկեր են լինելու, իսկ մյուս կողմից մեր ոտքի՞ն են կրակելու»
Օգոստոս 14 17:38 2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ներկայիս տնտեսական ճգնաժամը որևէ նմանություն չունի նախկինում  տեղի ունեցած ճգնաժամերի հետ։ Նա այդ մասին ասել է Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:

«Այսօր տեղի ունեցող դեպքերը ոչ մի առնչություն չունեն 1994, 2001 և 2007 թվականներին Թուրքիայում գրանցված ճգնաժամերի հետ։ Մենք այժմ կանգնած ենք այլ իրավիճակի առաջ»:

Թուրքիայում այժմ տեղի ունեցող իրավիճակն Էրդողանը անվանել է հարձակում իրենց վրա։ Ըստ նրա՝ այս ամենը Թուրքիայում տեղի ունեցած մի քանի աղմկահարույց դեպքերի շարունակությունն է։ Նա առաջին հերթին նկատի է ունեցել 2016թ. Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձը և Ստամբուլի Գեզի զբոսայգու հետ կապված ցույցերում տեղի ունեցած բախումները։

Էրդողանը, քննադատելով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, նշել է.

«Գոյություն ունի «Առևտրի համաշխարհային կազմակերպություն»։  Չես կարող ասել՝ ես արեցի և վերջ, անգամ եթե դու նախագահ ես։  Քնից զարթնելով չես կարող այդքան մաքսատուրք սահմանել պողպատի և ալյումինի վրա։ Ինչ է, նրանք (ԱՄՆ-խմբ.) մի կողմից ռազմավարական գործընկեր են լինելու, իսկ մյուս կողմից մեր ոտքի՞ն են կրակելու։ Բա նման բանը որևէ կերպ ընդունելի՞ է»:

Աղբյուր`    ermenihaber.am