Ռուբլին շարունակում է անկում գրանցել. հայտնի չէ՝ արդյոք ռուսական շուկայում խուճապ կսկսվի, թե ոչ. ռուսական լրատվամիջոցների անդրադարձը


Ռուբլին շարունակում է անկում գրանցել. հայտնի չէ՝ արդյոք ռուսական շուկայում խուճապ կսկսվի, թե ոչ. ռուսական լրատվամիջոցների անդրադարձը
Օգոստոս 10 14:37 2018

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունից հետո ռուբլու փոխարժեքն անկում է գրանցել դոլարի և եվրոյի նկատմամբ, և այդպես էլ չի վերականգնվել, գրում է Tert.am-ը։

Vesti.ru-ի հաղորդմամբ՝ մոսկովյան բորսայում օգոստոսի 10-ին, 2016 թվականի օգոստոսից ի վեր առաջին անգամ, դոլարի փոխարժեքը գերազանցել է 67 ռուբլու շեմը:

Ամերիկյան արժույթի փոխարժեքն աճուրդների առաջին րոպեի արդյունքներով կազմել է 67,04 ռուբլի՝ նախորդ աճուրդի փակման մակարդակի համեմատ բարձրանալով 39 կոպեկով: Միևնույն ժամանակ, եվրոյի փոխարժեքը կազմել է 76,89 ռուբլի՝ նախորդ աճուրդի ցուցանիշից 5,75 կոպեկով ցածր:

Ռուբլին անկում է գրանցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման վտանգի ֆոնին:

ԱՄՆ վարչակազմը չորեքշաբթի հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ բրիտանական Սոլսբերի քաղաքում քիմիական զենք կիրառելու համար:

NBC հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ պատժամիջոցների առաջին փաթեթը ենթադրում է ՌԴ էլեկտրոնային սարքերի և երկակի օգտագործման համար նախատեսված պարագաների արտահանման արգելք, երկրորդ փաթեթը կարող է ներառել դիվանագիտական հարաբերությունների մակարդակի նվազեցում, ԱՄՆ «Աերոֆլոտ»-ի թռիչքների արգելք և ամերիկյան արտահանման գրեթե ամբողջական դադարեցում: Ռուսաստանը կարող է խուսափել պատժամիջոցների երկրորդ ալիքից, եթե երաշխավորի ապագայում քիմիական զենքի չկիրառումը:

Բացի այդ, անցած շաբաթ ամերիկյան Կոնգրեսում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ է ներկայացվել, որով ենթադրվում են պատժամիջոցներ ՌԴ բանկային հատվածի դեմ:

Ինչպես գրում է Gazeta.ru-ն, վատ նորությունն այն է, որ պատժամիջոցների առաջին փաթեթը կարող է այնուամենայնիվ սահմանվել օգոստոսի 22-ին, իսկ երկրորդը՝ երեք ամսից: Եվ այժմ ոչ մեկ չգիտի, թե արդյոք ռուսական շուկայում կսկսվի իրական խուճապ, թե ոչ:

Ամերիկացի քաղաքական գործիչների նախաձեռնությունները կտրուկ ազդել են ներդրողների տրամադրությունների վրա: ԱՄՆ պետքարուղարությունում կարծում են, որ նոր պատժամիջոցները կանդրադառնան հարյուր միլիոնավոր դոլարի ապրանքների վրա: Բացի այդ, հատուկ հեռախոսային ճեպազրույցի ժամանակ հայտարարվել է, որ սահմանափակումները կանդրադառնան ռուսական տնտեսության մինչև 70 տոկոսի վրա:

Թե որքան ծանր կլինի ռուսական տնտեսության համար ամերիկյան պատժամիջոցների նոր ալիքը՝ ոչ ոք չգիտի, գրում է լրատվամիջոցը: Պաշտոնատար անձանց և գործարար հատվածի դիրքորոշումները կտրուկ տարբեր են: Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը հանգիստ է, իշխանությունները ցուցաբերել են հանգստություն, ինչպես նաև նշել են, որ Ռուսաստանի հետ ուժի դիրքից խոսելը հեռանկարային չէ և անօգուտ է, ինչպես նաև հարկավոր է սպասել պատասխան քայլերի:

Բայց Ռուսաստանի բնակիչները հանգստություն չեն պահպանել, գրում է կայքը՝ հավելելով, որ ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատժամիջոցների մահակով պառակտել է ոչ թե քաղաքական վերնախավը, ինչպես ակնկալում էր, այլ հասարակությունը:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ եթե մի քանի ամսվա հեռանկարում պատժամիջոցների հռետորաբանությունը չմեղմանա, դոլարը կարող է հասնել 70 ռուբլի ցուցանիշի: Վերլուծաբանները, սակայն, նաև նշում են, որ Կոնգրեսը դեռ չի ընդունել օրենքի նախագիծը, և փաստաթուղթը կարող է զգալի փոփոխությունների ենթարկվել, կամ ընդհանրապես չընդունվել:

«Ամենադաժան միջոցները վերաբերում են Ռուսաստանի պետական պարտքում ներդնելուն և ՌԴ պետական բանկերի կողմից ամերիկյան դոլարով գործարքներ իրականացնելուն: Փաստացիորեն դա Իրանի սցենարն է»,- ասել է Forex Optimum-ի վերլուծաբան Իվան Կապուստյանսկին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում