Հրաժարական տալու մասին մտածելու ժամանակ չունեմ․ Շիրակի մարզպետը՝ խնդիրների, գործունեության եւ հետագա ծրագրերի մասին․ Կ․ Սարուխանյանի՝«Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)

Հրաժարական տալու մասին մտածելու ժամանակ չունեմ․ Շիրակի մարզպետը՝ խնդիրների, գործունեության եւ հետագա ծրագրերի մասին․ Կ․ Սարուխանյանի՝«Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)
Օգոստոս 9 12:20 2018

Շիրակի մարզը հայտնի է իր բազմաթիվ խնդիրներով, եւ աղքատության ամենաբարձր մակարդակով։ Ի՞նչ ծրագրեր ունի նորանշանակ մարզպետն ու ինչպես է տեսնում առկա խնդիրների լուծումը։ Armday.am-ը Կյանքը մեկ օրում նախագծի շրջանակներում զրուցել է Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանի հետ։ Քաղաքական հարցերից, մինչեւ մարզում առկա խնդիրներ ու անձնական կյանք։ Հարցազրույցը՝ ստորեւ։

 

Պարոն Սարուխանյան մարզպետի պաշտոնում նշանակվելուց հետո ամենայն հավանականությամբ գույքագրել ենք խնդիրները։ Լինելով մարզից, հատկապես ո՞ր խնդիրներն ենք համարում առաջնային։

Բոլորս գիտենք, որ Շիրակի մարզում խնդիրները բազմաթիվ են, ու դրանք բոլորը թվարկելն իմաստ չունի, բայց ես այս պահին կառանձնացնեմ դրանցից 2-ը և ձեր հարցին կպատասխանեմ այսպես՝ գործազրկություն և անօթևանություն: Ու մեր ամենօրյա աշխատանքի նպատակը հենց այս խնդիրների լուծմանն են միտված:

 Կադրային փոփոխություններ իրականացրել ե՞ք։ Ինչ սկզբունքով են ընտրվում մարդիկ, ովքեր աշխատելու են Ձեզ հետ։ Ըստ էության առաջնահերթություն  տալիս եք ՔՊ-ականներին։

Կադրային փոփոխություններ արվել են միայն հայեցողական պաշտոններում, և այդ փոփոխությունները մենք իրականացրել ենք, առաջին հերթին, հաշվի առնելով նշանակվող անձի ոլորտային հմտությունները, ունակությունները, կոլեկտիվում դրսևորվելու կարողությունը: Իսկ անդրառանալով ձեր հարցի 2-րդ մասին, պիտի ասեմ, որ որևէ առաջնահերթություն ՔՊ-ականներին չի տրվել: Ունեմ 3 տեղակալ, որոնցից և ոչ մեկը կուսակցական չեն: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից  են միայն իմ երկու օգնականները՝ Էմմա Պալյանն ու Սերգեյ Տոնոյանը: Նրանց հետ ես անցել եմ կուսակցական ճանապարհ ու ծանոթ եմ նրանց կարողություններին, այլ ՔՊ-ականներ չկան իմ նշակումներում, այնպես որ որևէ առիթ չկա նշելու, որ իմ կուսակացական ընկերներին ես առաջնահերթություն եմ տալիս:

Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ բավականին ծանր գրաֆիկով եք աշխատում։ Մարզում սոցիալ- տնտեսական իրավիճակի բարելավման ուղղությամբ գոնե այս պահի դրությամբ գործնական ինչ քայլեր են նախանշվել։

Այո, նորից եմ կրկնում, աշխատում ենք բավականին ծանր գրաֆիկով, բայց դրանից չենք դժգոհում, դա այս պահին մեր պարտականությունն է: Խոսելով գործնական քայլերի մասին՝ նշեմ հետևյալները՝ ներկայացրել ենք 13 սուբվենցիոն ծրագիր, որից 9-ը հաստատավել է կառավարության կողմից, ու ընթացքում այդ ծրագրերի թիվն անընդհատ ավելանալու է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ենք ներկայացրել 25-ից ավելի մարզի զարգացման ներդրումային ծրագրեր: Ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք վերահսկում են մարզում կատարվող շինարարական աշխատանքները, աղբահանության հետ կապված հարցերով են զբաղվում, մարզպետին կից երիտասարդական խորհուրդ է ստեղծվելու, որն զբաղվելու է մարզի երիտասարդների հետ կապված տարատեսակ հարցերով:

Իսկ որ ամենակարևորն է՝ մարզում մթնոլորտ ենք փոխել, մարզպետն այս պահին ամենահասանելի մարդն է Շիրակի մարզում, նախկին իշխանութունների նկատմամբ վստահություն չի եղել, իսկ այժմ, քանի որ իրավիճակ է փոխվել, մարդիկ ամեն օր գալիս ու բարձրացնում են 30 տարվա կուտակված հարցեր: Այս 2 ամիսների ընթացքում ընդունել եմ 2500-ից ավելի քաղաքացիների, լսել նրանց բոլորի խնդիրները ու հնարավորության սահմանում աջակցել ու լուծում եմ տվել, ամենշաբաթյա շրջայցեր եմ կատարում մարզի համայնքներում, ծանոթանում եմ տեղի խնդիրներին անձամբ, լսում եմ գյուղացիներին հուզող խնդիրների մասին: Ես ձեզ ասեմ, եթե անգամ քաղաքացու բարձրացրած հարցի լուծումը մեր լիազորությունների շրջանակներում չէ, մենք նույնիսկ այդ ժամանակ սիրալիր ընդունում և բացատրում ենք իրավիճակը ու տվյալ հարցը բարձրացնողը  գոհ ու շնորհակալ հեռանում է մեզնից: Անկախ ամեն ինչից ես լսում եմ բոլորին, զրուցում հետները, ինչը շատ դրական է ընկալվում քաղաքացիների կողմից, ինչ-որ տեղ նաև զարմանքով, քանի որ նախկինում նման բան չի եղել՝ մարդկանց լսող չի եղել:

 Լինելով «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցությունից, այնուամենայնիվ աշխատում եք ՀՀԿ-ական քաղաքապետերի եւ գյուղապետերի հետ։ Սա չի խանգարում արդյո՞ք իրականացնել թիմային աշխատանք։

Ոչ, ամենևին չի խանգարում, քանի որ ինձ համար առաջնայինը ոչ է կուսակցական  պատկանելությունն է, այլ ձեր նշած մարդկանց կատարած աշխատանքը:

Գյումրիում եւս խնդիրները բազմաթիվ են։ Անօթեւանության հարց, ճանապարհաշինական խնդիրներ եւ այլն։ Քաղաքային իշխանությունների հետ Ձեր հարաբերությունները ինչ բնույթի են, կա արդյո՞ք լարվածություն մարզպետի եւ քաղաքապետի միջեւ։

Ոչ լարվածություն չկա, իմ հարաբերությունները քաղաքային իշխանությունների հետ աշխատանքային են:

Մի փոքր փոխենք հարցերի շրջանակը։ Ինչպես կայացվեց որոշում, որ հենց Դուք եք լինելու մարզպետը եւ ինչպես ընդունեցին Ձեր ընտանիքի անդամներն այս որոշումը։

Որոշումը կայացրել է մեր քաղաքական թիմը, իսկ այդ որոշման մասին ես իմացել եմ մարզպետ նշանակվելուս օրվանից մեկ օր առաջ ընդամենը, իսկ ընտանիքիս անդամները, ինչպես նաև ես, այդ որոշումից անակնկալի եկանք:

 Ինչպիսի՞ն է Կարեն Սարուխանյանը աշխատավայրում, տանը եւ ընկերական հարաբերություններում։

Կարեն Սարուխանյանը թե աշխատավայրում, թե տանը, թե ընկերական շրջապատում նույն մարդն է՝ տարբեր պարտականություններով:

 

Ո՞ր դեպքում հրաժարական կներկայացնեք մարզպետի պաշտոնից։

Հրաժարականի մասին ժամանակ չունեմ մտածելու:

Մտքերը՝ շարունակելով։

Կյանքը մեկ օրում։

Չես հասցնի ապրել։

Տարիների ընթացքում։

Չեմ փոխվել ու չեմ փոխվելու։

 Մի օր ես։

Մի օր մենք։

Իմ օրերի մեջ:

Իմաստ կա։

 

Փայլակ Ֆահրադյան

Տաթեւ Այվազյան

Լուսանկարները՝ Սարգիս Միլիտոնյանի։

loading...