Հայ ըմբիշները Եվրոպայի առաջնությունում ևս երկու մեդալ են նվաճել


Հայ ըմբիշները Եվրոպայի առաջնությունում ևս երկու մեդալ են նվաճել
Օգոստոս 1 22:22 2018

Հռոմում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց եւս 2 բրոնզե մեդալ։ Այսօր մեդալային գոտեմարտերում հաղթանակ տարան Արարատ Մանուչարյանը (60 կգ) և Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Էրիկ Էլոյանը (82 կգ) պարտություն կրեց։

 

60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը գոտեմարտեց բրոնզե մեդալի համար եւ 6։0 հաշվով հաղթեց վրացի Իրակլի Դզիմիստարիշվիլիին։

 

 

2017թ․ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում նախ սփոփիչ գոտեմարտում 7։0 հաշվով ուժեղ գտնվեց ուկրաինացի Պարվիզ Նասիբովից, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում մրցեց վրացի Նիկոլոզ Չիկաձեի հետ եւ առավելության հասավ ժամանակից շուտ՝ 9։1։

 

82 կգ քաշային Էրիկ Էլոյանը սփոփիչ գոտեմարտում 7։2 հաշվով պարտության մատնեց վրացի Աիվենգո Ռիկաձեին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 0։8 հաշվով պարտվեց բելառուս Կիրիլ Մասկեւիչին։



loading...