Տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա. Արամ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին


Տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա. Արամ Սարգսյանը` Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրելու մասին
Հուլիս 26 22:44 2018

ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մարտի 1-ի գործով մեղադրանք առաջադրելու հետ կապված:

 

«Մեղադրանք է առաջադրվել նույն հոդվածներով, ինչով ժամանակին ինքը մեղադրում էր ինձ... Ես վրեժխնդիր մարդ չեմ, բայց տեղի ունեցածը եւս մեկ անգամ ապացուցեց, որ Աստված կա»,- գրել է նա:

 

Նշենք, որ այսօր ՀՀ երկրորդ նախագահի մասնակցությամբ ՀՔԾ-ում քննչական գործողություններ են եղել: Այնուհետեւ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել:

 

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

 

Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: