Ամփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի առաջին կիսամյակի արդյունքները


Ամփոփվեցին Գեղարքունիքի մարզի առողջապահության ոլորտի առաջին կիսամյակի արդյունքները
Հուլիս 20 23:21 2018

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հերթական խորհրդակցության ընթացքում մարզպետ Իշխան Սաղաթելյանին ներկայացվեցին մարզի առողջապահական հաստատություններում առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփ արդյունքները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցեցին մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրենները: Մարզի հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների 2018 թվականի առաջին կիսամյակի արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:

Ըստ զեկուցողի՝ մարզի առողջապահական հաստատությունները առաջին կիսամյակում պարտքեր չեն կուտակել, բացառությամբ Վաղաշենի ԱԱՊԿ-ի, որի մարման ուղղությամբ ձեռնարկվում են համարժեք քայլեր: Վարչության պետը ներկայացրեց նաեւ մի շարք օրինակելի բուժհաստատությունների ցույց տված դրական արդյունքները, որոնք ձեռք են բերվել հետեւողական աշխատանքի արդյունքում:

Հիվանդանոցային ծառայություններ մատուցող ձեռնարկությունների մեջ առավել բարձր արդյունքներ է ապահովել Ճամբարակի առողջության կենտրոնը, որտեղ էապես բարձրացվել են վճարովի ծառայություններից ստացվող մուտքերը: Երկրորդ տեղում է Գավառի բժշկական կենտրոնը: Առողջության առաջնային պահպանման օղակի ձեռնարկությունների շարքում լավագույն արդյունքներ են գրանցել Ծովագյուղի, Ծովակի, Գեղհովիտի ԱԱՊԿ-ները, Երանոսի, Ձորագյուղի, Ծովինարի բուժամբուլատորիաները: Վարչության պետը միաժամանակ հորդորեց բուժհաստատությունների տնօրեններին՝ բարձրացնել սքրինինգային հետազոտությունների ցուցանիշները՝ դրանք մոտեցնելով նախորդ տարվա ցույց տված արդյունքներին, որոնք հանրապետությունում գնահատվել են լավագույնը: Հանդիպումն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

«Մեր մարզի առողջապահական համակարգի վիճակը վատ չէ, սակայն որոշ տեղերում խնդիրներ կան կուտակված, որոնց շուրջ առանձին-առանձին կունենանք համապատասխան քննարկումներ: Այս սեպտեմբերին շահագործման կհանձնվի Սեւանի արդիականացված բժշկական կենտրոնի շենքը, մարզի հիվանդանոցային ծառայություններ մատուցող ձեռնարկությունները կհամալրվեն շտապօգնության նոր ավտոմեքենաներով: Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարությունը կմեկնարկի առաջիկա ամիսների ընթացքում: Բոլորիդ կոչ եմ անում՝ աշխատել բացառապես օրենքի պահանջներին համապատասխան, ամբողջությամբ դուրս գալ ստվերից՝ հրաժարվելով հին մեթոդներից:

Ճամբարակի առողջության կենտրոնի գրանցած արդյունքը ցույց է տալիս, որ հնարավոր է կրճատել ստվերը եւ այն հասցնել նվազագույնի, ինչը պետք է արվի մինչեւ վերջ: Եթե հաստատությունը կարող է ստվերի կրճատման ու մուտքերի ավելացման արդյունքում բարձրացնել աշխատավարձը, ապա մենք միայն կողջունենք այդ քայլը: Ձեր առաջնահերթ խնդիրը նաեւ պետք է լինի՝ կտրուկ կրճատել մարզի բնակչության հոսքը դեպի մայրաքաղաքի բուժհաստատություններ, չհաշված նեղ մասնագիտական բուժում ստանալու դեպքերը: Իսկ դրա համար հարկավոր է հետեւողականորեն բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը»,-հանձնարարարեց մարզպետ Իշխան Սաղաթելյանը:

 



loading...