Լիլիթ Մակունցը ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ քննարկել է համագործակցության մշակութային տարբերակները


Լիլիթ Մակունցը ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեի հետ քննարկել է համագործակցության մշակութային տարբերակները
Հուլիս 20 23:08 2018

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Ինչպես «Արմենպրես»-ի փոխանցում են ՀՀ մշակույթի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են վրաց ժամանակակից նկարիչների աշխատանքները Հայաստանում ներկայացնելու, Մարտիրոս Սարյանի ու խորհրդային շրջանի վրաց նկարիչ Դավիթ Կակաբաձեի աշխատանքների համատեղ ցուցադրությունը Երևանում և Թբիլիսիում կազմակերպելու հնարավորությունները:

Դեսպան Սագանելիձեն առաջարկել է կյանքի կոչել երկու երկրների սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ համերգային նախագիծը, որի գաղափարի հեղինակը մեծանուն կոմպոզիտոր Գիա Կանչելին է:

«Կարծում եմ, որ արժե վերանայել այս նախագիծը, որի ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք արդեն կատարվել է»,-նշել է Վրաստանի դեսպանը:

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր խոսքում ընդգծել է, որ կանդրադառնա ոչ միայն հիշյալ նախագծին, այլև ներկայացված մյուս առաջարկներին՝ վստահեցնելով, որ հայկական կողմը բաց է համագործակցության համար և շահագրգռված է մշակույթի ոլորտում ակտիվ համագործակցությամբ:

Քննարկվել են նաև պատմամշակութային ժառանգության պահպանության հետ կապված երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը բարձր են գնահատել երկկողմ մշակութային հարաբերությունները և պայմանավորվել` այն պահել նույն բարձր մակարդակի վրա: