Աշոտ Ղուլյանը և Ֆրանսուա Ռոշբլուանը քննարկել են Արցախ-Ֆրանսիա կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր


Աշոտ Ղուլյանը և Ֆրանսուա Ռոշբլուանը քննարկել են Արցախ-Ֆրանսիա կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր
Հուլիս 20 15:38 2018

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ղեկավար Աշոտ Ղուլյանը հուլիսի 20-ին ընդունել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախկին ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին:

Ողջունելով հյուրին՝ Աշոտ Ղուլյանը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու, ինչպես նաև Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Ֆրանսիայի ազգային հավաքականի տարած հաղթանակի առթիվ:

Խորհրդարանի ղեկավարը ընդգծել է, որ անկախ կարգավիճակից, Ֆրանսուա Ռոշբլուանը Արցախի ժողովրդի լավագույն բարեկամներից է, ում մշտապես ուրախ են ընդունել:

Ֆրանսիացի նախկին պատգամավորը վստահեցրել է, որ «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նոր ղեկավարությունը ունի բավարար ներուժ ընթացիկ ծրագրերը կյանքի կոչելու և համագործակցության նոր ուղղություններ նախանշելու հարցում:

Ֆրանսուա Ռոշբլուանը նշել է նաև, որ ինքը և իր գործընկերները հումանիտար հարցերում Արցախին օժանդակելու ինստիտուցիոնալացված նոր ձևաչափ կգտնեն և կշարունակեն համագործակցությունը հարազատ դարձրած երկրի ժողովրդի հետ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել բարեկամության շրջանակների միջև փոխգործակցությանը, Արցախում ֆրանսախոսության զարգացմանը, ներքաղաքական և տարածաշրջանային իրադրությանը վերաբերող հարցերի շուրջ: