Կառավարությունը հաստատեց ագրոպարենային ոլորտում լիզինգի ծրագիրը

Կառավարությունը հաստատեց ագրոպարենային ոլորտում լիզինգի ծրագիրը
Հուլիս 19 12:49 2018

Կառավարությունն այսօր՝ հուլիսի 19-ին, հաստատեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիրը:

Հարցը ներկայացրեց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, ով նշեց, որ ծրագրի նպատակն է ագրոպարենային ոլորտի տնտեսվարողներին մատչելի պայմաններով սարքավորումների մատակարարումը:

Սարքավորումները կտրվեն հետեւյալ ոլորտներում՝ անասնաբուծություն՝ այդ թվում տավարաբուծություն, ոչխարաբուծություն, թռչնաբուծություն, խոզաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, բուսաբուծություն, ջերմոցային տնտեսություն, սառնարանային  տնտեսություն, այդ թվում կաթի մթերման կայաններ, թարմ պտուղ-բանջարեղենի փաթեթավորման գործունեությունը, սպանդանոցային տնտեսություն եւ այլն:

«Ակնկալում ենք, որ սրա արդյունքում կբարձրանա ագրոպարենային ոլորտի տնտեսվարողների վճարունակ պահանջարկը եւ նոր սարքավորումներով կվերազինվի ոլորտը: Լիզինգով սարքավորումների տրամադրման հնարավորությունից մեկ տնտեսվարողը կարող է օգտվել միայն մեկ անգամ, իսկ մեկ լիզինգի արժեքը չպետք է գերազանցի  230 մլն դրամը: Վերջնական տնտեսվարողի վրա պրոդուկտն արժենում է 4 տոկոս: Լիզինգառուն վճարում է սարքավորման 20 տոկոսի չափով կանխավճար, մարման ժամկետը կազմում է 8 տարի:

Ծրագիրը շատ սպասված է եւ շատ տնտեսավրողներ հարցնում են, թե երբ է այն իրագործվելու»,-հայտարարեց նախարարը:

Նա նաեւ ընդգծեց, որ 8 տարում սուբսիդավորումը կլինի մեկ մլրդ դրամ, իսկ այս տարի նախատեսում են 119 մլն դրամի սուբսիդավորում, իսկ ծրագիրը պիլոտային է:

ՀՀ փոխվարչապետ Մհրե Գրիգորյանն իր հերթին նշեց. «Ես լավատես չեմ, որ սա կաշխատի, որովհետեւ արդեն փորձ կա, որ այս գործընթացը ավելի լավ կլինի աշխատի Կենտրոնական բանկի միջոցով, այնտեղ արդեն աշխատող մեխանիզմ կա: Նոր մեխանիզմ ենք սահմանում, որը նոր մեխանիզմներ է ենթարում: Լավ կլիներ, որ երեք ամիս անց ամփոփենք, թե ինչ արդյունք ենք ունեցել այս ծրագրով»:

Այդուհանդերջ, ծրագիրը հաստատվեց:

loading...