ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները


ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները
Հուլիս 19 11:21 2018
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ:
 
Անտոնիու Գուտերեշը ընդգծել է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը` մեր երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում։ ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը և վերահաստատել Հայաստանի նոր կառավարության մեծ շահագրգռվածությունն էլ ավելի հարստացնելու համատեղ օրակարգը:
 
ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ կառավարության առաջնահերթությունները հստակ են․ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնել բարեփոխումների գործընթացն արդարադատության, օրենքի գերակայության, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռման, կառուպցիայի դեմ պայքարի և բոլոր այն ուղղություններով, որոնք ընկած են ՀՀ կառավարության ծրագրի ու գործունեության հիմքում։
 
Արտահերթ ընտրությունների կազմակերպման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունն ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ։ Անտոնիու Գուտերեշը վերահաստատեց, որ այս առումով ևս Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։
Հայաստանի արտգործնախարարը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտքեր փոխանակեցին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։
 
Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանո ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը՝ նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը:
 
Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարար Մնացականյանը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։


loading...