Խորենացի փողոցում ոստիկանը քաղաքացուն լռեցնելու համար ոտքով հարվածել է նրա դեմքին եւ կոտրել քիթը

Խորենացի փողոցում ոստիկանը քաղաքացուն լռեցնելու համար ոտքով հարվածել է նրա դեմքին եւ կոտրել քիթը
Հուլիս 17 17:02 2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ն 2016 թվականի հուլիսի 29-ին, անցնելով պաշտոնեական լիազորությունները, բռնություն է գործադրել Մարատ Յավրումյանի նկատմամբ եւ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս:

ՀՔԾ-ից հայտնում են, որ այսպես, Ա. Կ.-ն 2016թ.-ի հուլիսի 29-ին ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների հետ ուժեղացված ծառայություն է իրականացրել Երեւան քաղաքի Մ. Խորենացի փողոցում, որտեղ ժամը 22:30-ի սահմաններում` հավաքված քաղաքացիների ցույցը ցրելու նպատակով ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցներ կիրառելուց հետո, ՊՊԾ գնդի մյուս ծառայողների հետ, ենթադրաբար իրավախախտում կատարած անձանց, այդ թվում` Մարատ Յավրումյանին տեղափոխել են նույն փողոցում կազմված ոստիկանական պատնեշից այն կողմ:

Այդ ընթացքում Մ. Յավրումյանը բղավել է՝ մտահոգություն հայտնելով իր հետ նշված վայրում գտնվող անչափահաս երեխայի առանց հսկողության մնալու առնչությամբ: Մ. Յավրումյանին լռեցնելու նպատակով Ա. Կ.-ն ոտքով հարվածել է վերջինիս դեմքին, պատճառել միջին ծանրության մարմնական վնասվածքներ` քթոսկրերի կոտրվածքի եւ գլխուղեղի ցնցման ձեւով: 

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար 25.06.2018թ.-ին ՊՊԾ գնդի ոստիկան Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նրա վերաբերյալ  քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: 17.07.2018թ.-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

loading...