Ուկրաինայից Երեւան ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է կասկածելի նյութ. ոստիկանությունը որոնում է հասցեատիրոջը


Ուկրաինայից Երեւան ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է կասկածելի նյութ. ոստիկանությունը որոնում է հասցեատիրոջը
Հուլիս 17 16:27 2018

Այս տարվա հուլիսի 13-ին Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 1 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխամասում Վահրամ Տեր Բ.-ն փաթեթ է ուղարկվել, որը իրավապահների մոտ կասկած է առաջացրել։

Shamshyan.com-ի   փոխանցմամբ, իրավապահները, բացելով այն, այնտեղ հայտնաբերել են 8 հատ դեղին գույնի պլաստամասե տարայով հեղուկ, 1 հատ սեւ գույնի սրվակով հեղուկ եւ 1 թափանցիկ պլաստամասե տարա, որի պատերին առկա է եղել սպիտակ փոշենման զանգված։

Ոստիկանները հայտնաբերվածը առգրավել են եւ ուղարկել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, որտեղ նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն։ Կան կասկածներ, որ այդ ամենը թմրանյութ է։

Փաստի առթիվ ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ նշված ծանրոցի հետ կապված՝ ահազանգ է ստացվել նաեւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ չի բացառվում՝ ծանրոցում քիմիական նյութ լինի։ Աղբյուրը հայտնում է նաեւ, որ տեղում 34-ամյա Արմեն Պ.-ն ստացել է օգնություն՝ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության աղետների բժշկության կենտրոնի ՊՈԱԿ օպերատիվ խմբի բժշկի կողմից։