Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդել իր վրա


Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդել իր վրա
Հունվար 11 20:25 2017

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել ազդեցության ինչ-ինչ լծակներ օգտագործել իր նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հունվարի 11-ին գրել է Twitter միկրոբլոգների սոցիալական ցանցի իր Էջում՝ մեկնաբանելով ավելի վաղ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվությունն այն մասին, թե ռուսական հատուկ ծառայությունները վարկաբեկիչ նյութեր ունեն իր մասին:
«Ռուսաստանը երբեք չի փորձել ազդեցության ինչ-ինչ լծակներ օգտագործել ինձ վրա: Ես ոչ մի գործ չունեմ Ռուսաստանի հետ՝ ոչ գործարքներ, ոչ փոխառություններ, ոչինչ»,- ասել Է նա:
Նաեւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը հայտարարել է, որ հեշտությամբ հաղթել է ընտրություններում, բայց անազնիվ ընդդիմախոսները փորձում են այդ հաղթանակը նսեմացնել «մտացածին լուրերով»:
Դոնալդ Թրամփը իր մասին «ստահոդ տեղեկատվության»՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների կողմից թույլ տրված արտահոսքը համարել է իրեն հասցված եւս մեկ հարված՝ իրադրությունը համեմատելով նացիստական Գերմանիայի հետ:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թրամփը «վհուկների քաղաքական որս» է որակել Միացյալ Նահանգների զանգվածային լրատվամիջոցների հաղորդումներն այն մասին, թե Ռուսաստանի հատուկ ծառայություններն իբր ունեն նյութեր, որոնք վարկաբեկում են անձամբ միլիարդատիրոջը: Միանգամից մի քանի ամերիկյան հրատարակություններ, վկայակոչելով անունները չնշված պաշտոնյաների, հայտնել են, որ անցյալ շաբաթ հետախուզությունը Թրամփին է հանձնել նրա մասին չհաստատված եւ վարկաբեկող նյութեր, որոնք իբր ունի Ռուսաստանը:
Ոչ մի կերպ չհիշատակելով այդ հոդվածները՝ Թրամփը «Թվիթերում» մեծատառերով գրել է. «Մտացածին նորություններ. վհուկների համընդհանուր քաղաքական որս», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: