Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ


Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Հուլիս 16 19:40 2018

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այսօր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավարությամբ ՀՀ պատվիրակությունը մեկնել է Նյու Յորք, որի կազմում է նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը: Այն ներկայացնում է կայուն զարգացման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերն ու Հայաստանի փորձը: Սա լավ հնարավորություն է երկրի համար ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը»,-ասաց Տիգրան Բալայանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի արտգործնախարարն այսօր որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աղետների ռիսկայնության նվազեցման ոլորտում ներդրումները որպես կայուն և դիմացկուն հասարակության ամրապնդման միջոց» խորագրով համաժողովին: