Նարեկ Սարգսյանը սպառնացել է 49-ամյա տղամարդուն եւ գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը. ոստիկանություն


Նարեկ Սարգսյանը սպառնացել է 49-ամյա տղամարդուն եւ գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը. ոստիկանություն
Հուլիս 16 19:21 2018

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հետախուզական ծավալուն միջոցառումներով պարզել են, որ անցյալ տարի Երեւանում բնակվող 49-ամյա մի տղամարդու առեւանգել ու ծեծի են ենթարկել: Նախնական տվյալներով՝ տղամարդը ցանկացել է հիմնել գիշերային ակումբ, ուր պետք է այցելեին արտասահմանցի զբոսաշրջիկներ։

 

Օգոստոսի կեսերին Երեւանի բնակիչ Նարեկ Սարգսյանի թիկնազորի ղեկավարը՝ Արտեմ Պողոսյանը, նրան հրավիրել է հանդիպման։ Մայրաքաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում Պողոսյանն այլ անձանց հետ տղամարդուն առեւանգել է ու նրա կամքին հակառակ տեղափոխել Նարեկ Սարգսյանի բնակության շենքի նկուղ:

 

 

Այստեղ տղամարդուն ծեծել են, Սարգսյանը ատրճանակով սպառնացել է, որ կկրակի, ապա գազայրիչով վառել է մարմնի տարբեր մասերը՝ պատճառելով վնասվածքներ: Այնուհետեւ նրան տեղափոխել են Նորագավիթում գտնվող «Սկանյա» բեռնատարների սպասարկման սրահի վարչական շենք ու կրկին ծեծել։

 

Տղամարդուն բաց են թողել, երբ նա հավաստիացրել է, որ գիշերային ակումբների գործունեությամբ այլեւս չի զբաղվելու: Հանցագործության մասին նախկինում չի հայտնվել: Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն՝ քննության հետագա ընթացքը որոշելու։

 

Հիշեցնենք, որ 31-ամյա Նարեկ Սարգսյանը միջպետական հետախուզման մեջ է, իսկ նրա անվտանգության ղեկավար 28-ամյա Արտեմ Պողոսյանն այլ քրեական գործի շրջանակում կալանավորված է: