Լիտվայում ՀՀ դեսպանը երկրի վարչապետի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները


Լիտվայում ՀՀ դեսպանը երկրի վարչապետի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունները
Հունվար 11 20:16 2017

Հունվարի 11-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի հետ. այդ մասին տեղեկացնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Հանդիպմանը վարչապետը բարձր է գնահատել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը և նշել, որ երկկողմ հարաբերությունները մշակութային, կրթական, գիտական և այլ ոլորտներում զարգանալու մեծ ներուժ ունեն։

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ նախորդ տարիների համեմատ երկկողմ առևտրաշրջանառությունը շոշափելի աճ է արձանագրել՝ հայտնելով նաև Լիտվայի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։

Դեսպանը հավելել է, որ տնտեսական դիվանագիտությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։

Զրուցակիցներն անդրադարձել են հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ձևաչափին։ Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը նշել է հանձնաժողովի հերթական նիստը 2017թ․անցկացնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Լիտվան լիովին աջակցում է Հայաստանի հետ բազմակողմ և երկկողմ ձևաչափերում համագործակցության հետագա խորացմանը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, վիզաների ազատականացման գործընթացի հեռանկարներին։

Հանդիպման ավարտին Լիտվայի վարչապետն իր լավագույն բարեմաղթանքներն է հղել ՀՀ վարչապետին՝ միաժամանակ դրականորեն արձագանքելով առաջիկայում Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերին։