Հայաստանում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներ կպատկերվեն


Հայաստանում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներ կպատկերվեն
Հունվար 11 20:10 2017

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ զետեղելու որոշման վերաբերյալ:

Նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ համապատասխան կանոնակարգով Հայաստանում կարող են առաջնորդվել ոչ ուշ, քան նոյեմբերի 15-ը: Ռուսաստանում կանոնակարգերը ուժի մեջ մտնեն մարտի 17-ից:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտի կեսերից ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ: Նկարներն ու համապատասխան գրառումները կարող են տեղ գտնել նաև ներդիրների վրա, որոնք կդրվեն տուփերի մեջ և կհիշեցնեն ծխելու վնասակարության մասին: Նկարները պետք է պատկերեն մարդկային օրգաններ, որոնք վնասվել են ծխելուց, ինչպես օրինակ պարոդոնտոզով, փտախտով և քաղցկեղով խոցված օրգաններ: Առանց նմանատիպ տուփերի կամ ներդիրների ծխախոտի վաճառքը լիովին կարգելվի 20 17թ. նոյեմբերի կեսերից: