Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ


Թուրքիայի արտգործնախարարը շնորհավորել է Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ
Հուլիս 12 23:25 2018

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բրյուսելում մոտեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և անձամբ շնորհավորել նրան վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Հուլիսի 12-ին Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

Վարչապետի խոսքով` երբ նստած էին պատվիրակությունների սրահում, Չավուշօղլուն սրընթաց անցել է նրանց կողքով, ապա մի քանի րոպե հետո վերադառնալով՝ նախ մոտեցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, ում ճանաչում է Եվրոպայի խորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, ապա իրեն:

«Նա ծանոթացավ ինձ հետ և ասաց, որ իրենք հետևում էին հայաստանյան գործընթացներին և տեղյակ են, ապա շնորհավորեց վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այլ շփում չի եղել»,-հավելեց վարչապետը: