Զարգացման համապետական հայեցակարգի ներդրման ձգտումն ինձ հասցրեց բարձր պաշտոնի. ՀՀ տրանսպորտի փոխնախարար

Զարգացման համապետական հայեցակարգի ներդրման ձգտումն ինձ հասցրեց բարձր պաշտոնի. ՀՀ տրանսպորտի փոխնախարար
Հուլիս 12 22:48 2018

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի բարձր, միաժամանակ, պատասխանատու պաշտոնն այն բանի տրամաբանական շարունակությունն է, որ իմ ամբողջ գիտակից կյանքի ընթացքում նվիրված եմ եղել Հայաստանում զարգացման համապետական հայեցակարգի ներդրման գաղափարին: Այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով հարցին՝ կպատկերացնե՞ր արդյոք, որ ապագայում փոխնախարարի պաշտոն կզբաղեցնի:

 

 

Նա նշեց, որ դպրոցական տարիքից, զբաղվելով մասնավոր բիզնեսով և բարձրագույն կրթություն ստանալով՝ բանակում ծառայելուց հետո մշտապես հետևողականորեն և համակարգված կերպով հետամուտ է եղել այս նպատակին:

 

«Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ մարդկանց տաղանդը և ներուժը հարկավոր է ուղղել Հայաստանի զարգացման մասշտաբային երկարաժամկետ հայեցակարգի մշակմանը՝ քաղաքական իշխանությունների մակարդակով: Այս նպատակին եմ ես ուղղել իմ տրամադրության տակ գտնվող բոլոր ռեսուրսները, բիզնես կապերը, փորձել եմ համախմբել այս գաղափարի շուրջ ընկերներիս: Ես միշտ միացել եմ խմբերի, որոնք նույն գաղափարին են հակված և որոշակի առաքելություն ունեն, և այս առումով իմ բախտը միշտ բերել է: Ես երբեք շրջապատված չեմ եղել պարզապես գործառույթ կատարող մարդկանցով, ովքեր ցանկանում են միայն փող վաստակել»,- ասաց Հակոբ Արշակյանը:

 

Նա հավելեց, որ «Հիմա» երիտասարդական շարժման և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իր ընկերների, ինչպես նաև National Instruments Armenia-ի և այլ ընկերություններից գործընկերների հետ իրեն միշտ կապել են հարազատ երկրի շահերի, անվտանգության և ապագայի վերաբերյալ մտահոգությունները:

 

 

«Մենք մտածել ենք՝ ի՞նչ անել, որպեսզի մեր հայրենակիցները չլքեն իրենց հայրենիքը ինքնադրսևորման համար, այլ այստեղ գտնեն իրենց տաղանդների կիրառումը: Ես միշտ շրջապատված եմ եղել մարդկանցով, ովքեր նույն կերպ են մտածում, և հենց այս հայացքներն էլ ինձ հասցրել են փոխնախարարի պաշտոնին: Ինձ համար սա մեծ պատիվ է և, միաժամանակ, պարտականություն, և ես վստահ եմ, որ շատերը, ովքեր հետևում են իմ գործունեությանը, շուտով կհամոզվեն դրանում»,- նշեց Հակոբ Արշակյանը:

 

Այս ձգտումն էլ, ըստ երիտասարդ պաշտոնյայի, հեռավոր 2008-ին բերեց իրեն «Հիմա» երիտասարդական շարժում, որը ձևավորվել էր մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ֆոնին:

 

«Այդ ժամանակ երկրում հարյուրավոր մարդիկ էին ձերբակալվել, այդ թվում նաև՝ հայտնի մարդիկ, քաղաքը պարզապես խեղդվում էր ռեպրեսիաների մեջ: Հայտարարված արտակարգ դրության ընթացքում, եթե թեկուզ մի քանի մարդ հավաքվեր մի վայրում, նրանց նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար էին տեսնում կամ բերման ենթարկում»,- հիշում է Հակոբ Արշակյանը: Նրա խոսքով՝ այս բարդ ժամանակներում պետք էր բարձրացնել քաղբանտարկյալների հարցը, պատշաճ կերպով ներկայացնել այդ խնդիրը հասարակությանն ու միջազգային լրատվամիջոցներին, քանի որ մամուլն այդ ժամանակ վերահսկվում էր իշխանությունների կողմից, իրադարձությունները լուսաբանվում էին իշխանություններին ձեռնտու տեսակետից։ Ընդդիմադիր՝ իշխանություններին այլընտրանքային տեսակետ հայտնելու փորձը միանգամից կանխվում էր, այն պարզապես չէր կարող լինել։

 

«Այդ ժամանակ մենք՝ ընկերների հետ միասին, որոշեցինք պայքարել քաղբանտարկյալներին ազատելու, մամուլի ազատության ու հանրահավաքների, երթերի ազատության համար։ Դրա համար մենք ստեղծել էինք 10-20 հոգանոց աշխատանքային խմբեր ու բողոքի շարժում էին սկսել։ Օրինակ՝ քաղբանտարկյալներին ազատելու պահանջի շրջանակում մենք մեկ օրում 4 հազար թռուցիկ ենք բաժանել, ինչի ընթացքում մեզ բերման են ենթարկել։ Դրանով իսկ մեր գործողությունները վերածվել էին շարժման»,- ամփոփեց տրանսպորտի փոխնախարարը։

loading...