ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով եղել է ՀԱԷԿ-ում


ՀՀ ԱԻ նախարարն աշխատանքային այցով եղել է ՀԱԷԿ-ում
Հուլիս 12 20:45 2018

Հուլիսի 12-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այցելեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ (ՀԱԷԿ)՝ ծանոթանալու ընկերության և այնտեղ պահպանության ծառայություն իրականացնող  հատուկ հրշեջ ջոկատի ընթացիկ աշխատանքին:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԱԻՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրավիրված խորհրդակցության ժամանակ ԱԻ նախարարը նշեց, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգ գործունեության կարևոր բաղադրիչն է նաև ՀՀ ԱԻՆ ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատի աշխատանքը, և այս առումով էլ ավելի պատասխանատվությամբ և ուշադրությամբ պետք է շարունակել աշխատանքները:

 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության ՀԱԷԿ-ի հատուկ հրշեջ ջոկատի անձնակազմին՝ նշելով, որ ջոկատն իր առջև դրված խնդիրները՝ մասնավորապես հրդեհային անվտանգությունը և նախապահպանությունը, իրականացնում է բարձր մակարդակով:

 Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվեցին ընթացիկ աշխատանքներն ու խնդիրները: Խորհրդակցության ժամանակ  ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը համագործակցության և տեխնիկական հագեցվածության մասին հարցեր առաջադրեց. որոշվեց տեղեկատվական կապն առավել ուժեղացնել: ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մ. Վարդանյանը նշեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգության նկատառումներից ելնելով, իրականացվել են ինքնագնահատման մասնագիտական սթրես թեստեր, և երաշխավորեց, որ ՀԱԷԿ-ի անվտանգությունը բարձր մակարդակում է գտնվում:

 Նախարար Ռոստոմյանը շրջեց նաև տուրբինային արտադրամասում, եղավ բլոկի կառավարման վահանակում, ծանոթացավ կայանի շենքային պայմաններին, տեխնիկական զինվածությանն ու խնդիրներին, որտեղ նախարարին ներկայացվեցին նոր սարքավորումները և հների արդիականացման տարբերակները: