Հայաստանը կշարունակի ներգրավվածությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը


Հայաստանը կշարունակի ներգրավվածությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը
Հուլիս 12 20:14 2018
Հայաստանը կշարունակի նպաստել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման ջանքերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Աֆղանստանում վճռական  աջակցության առաքելությանը նպաստող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման ժամանակ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Խաղաղ գործընթացը պահանջում է կառուցողական մոտեցում և բոլոր կողմերի դիրքորոշումների քննարկում: Հետևաբար, մենք պետք է համախմբենք միջազգային հանրության ջանքերը բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար, ինչն անչափ կարևոր է եվրոպական անվտանգության համար ընդհանուր առմամբ:
2010 թվականից ի վեր Հայաստանը նպաստել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող խաղաղության հաստատման գործողությանը, նախ` Միջազգային Անվտանգության Աջակցության Ուժեր գործողության (ISAF), այնուհետև` «Վճռական Աջակցություն առաքելության» շրջանակներում: Մենք գնահատում ենք արդյունավետ համագործակցությունը Հայաստանի և Գերմանիայի միջև, ինչը, իմ կարծիքով, ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների միջև գործընկերության լավագույն և ամենավառ օրինակներից է»,- ասել է Փաշինյանը:
 
Վարչապետի խոսքով, Հայաստանը պատրաստ է շարունակել ներգրավվածությունը առաքելությանը մինչև 130 հոգանոց զորախմբով: 
 
«Մենք նաև հայտնել ենք մեր պատրաստակամությունը, մասնակցելու ՆԱՏՕ-ի կայուն գործընկերության առաքելությանը, երբ այն գա փոխարինելու Կայուն աջակցություն առաքելությանը: Հայաստանը կշարունակի աջակցել Աֆղանստանի գլխավորությամբ և Աֆղանստանի մասնակցությամբ իրականացվող ներառական խաղաղության գործընթացին: Ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ մենք կշարունակենք աջակցել բարեկամական Աֆղանստանում համակողմանի խաղաղություն, բարգավաճում և կայունություն հաստատելուն միտված միջազգային ջանքերին»,- նշել է Փաշինյանը: