Ռուսաստանում հայ գործարարի են առեւանգել


Ռուսաստանում հայ գործարարի են առեւանգել
Հուլիս 12 15:35 2018

Օռլովի շրջանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել խոշոր գործարարի՝ «Օռլովսկայա Նիվա» ագրոհոլդինգի սեփականատեր Սերգեյ Բուդաղովի առեւանգման փաստով: Ինչպես հայտնում ՌԴ ՔԿ-ի մարզային վարչության մամուլի ծառայությունը, անհայտ անձինք այգեգործական ընկերակցության մոտ կանգնեցրել են Lexus LX 570 մակնիշի ավտոմեքենան, գրում է «ՄԿ»-ն: Ավտոմեքենայի սրահում այդ պահին գտնվում էին գործարարը եւ նրա վարորդը: Հարձակվողները զենք են ուղղել նրանց վրա, ինչից հետո տարել են Լուժկովյան գերեզմանոցի մոտ:

Հանցագործները կապել են վարորդին եւ թողել են ավտոմեքենայի մեջ, իսկ Բուդաղովին նստեցրել են այլ ավտոմեքենա եւ տարել անհայտ ուղղությամբ: Քրեական գործ է հարուցվել «Մարդու առեւանգում» հոդվածով:

Օռլովի մարզում Բուդաղովն օլիգարխ է համարվում: Անցյալ տարի նա անսպասելիորեն արդարացվել էր պաշտոնյային կաշառք տալու գործով, թեեւ դատախազությունը նրա համար 8 տարվա ազատազրկում էր պահանջում, գրում է «ՄԿ-Չերնոզեմյե»-ն: Ինքը՝ գործարարը հայտարարել էր, որ իր դեմ հարուցված քրեական գործն իր ագրոհոլդիգի բռնազավթման փորձի հետեւանք է: