Թարմ հետքերով բացահայտել են «Դիվա» գիշերային ակումբի մոտ դանակահարությունն ու կրակոցներ արձակողներին (տեսանյութ)


Թարմ հետքերով բացահայտել են «Դիվա» գիշերային ակումբի մոտ դանակահարությունն ու կրակոցներ արձակողներին (տեսանյութ)
Հունիս 24 12:51 2018

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են երեկ՝ հունիսի 23-ին, Բագրևանդի փողոցում՝ «Դիվա» գիշերային ակումբում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի և կրակոցների հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և կատարողների ինքնությունը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարզվել է՝ հիվանդանոց են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչ՝ 34-ամյա Հրայր Վարդանյանը և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Յուրի Փուրթոյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նրանց հետ վիճաբանել են Երևանի բնակիչներ՝ 25-ամյա Գագիկ Գալստյանը և 29-ամյա Մերուժան Դեմուրչյանը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Գալստյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել քրեական հետախուզության օպերլիազորների կողմից, ում մոտ եղել է նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, որով նա ծեծկռտուքի ժամանակ կրակոցներ է արձակել, իսկ Մ. Դեմուրչյանը ոստիկանների և քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ մեղայականով ներկայացել է քննչական բաժին։

Քննիչի որոշմամբ ատրճանակն առգրավված է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական, մատնադրոշմային, հետքաբանական, իսկ վիրավորներին էլ տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Կասկածյալ Գ. Գալստյանն ու Մ. Դեմուրչյանը ստորագրությամբ ազատ են արձակվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։



loading...