Բացահայտվել է Երևանում՝ «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում դիմակավորված, ատրճանակով և նռնակով զինված, խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը


Բացահայտվել է Երևանում՝ «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում դիմակավորված, ատրճանակով և նռնակով զինված, խոշոր չափի գումար հափշտակելու դեպքը
Հունիս 24 11:31 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 23-ին, կեսգիշերին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ու հետո բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանության Նոր Նորքի բաժին է մեղայականով ներկայացել Աբովյան քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Հայկ Ալթունյանը։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս իրավապահներին հայտնել է, որ այս տարվա ապրիլի 2-ին ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված՝ ավազակային հարձակում է կատարել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ-ի մասնաճյուղում, որտեղից նա հափշտակել է 6 մլն-ից ավելի ՀՀ դրամ։

 

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հ. Ալթունյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչաան շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել է։

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը, նռնակը և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Shamshyan.com