Համաձայնեցի համագործակցել Դիանա Գրիգորյանի հետ. Աննա Մանուչարյան


Համաձայնեցի համագործակցել Դիանա Գրիգորյանի հետ. Աննա Մանուչարյան
Հունիս 24 00:51 2018

 

Դերասանուհի Աննա Մանուչարյանն այսուհետ կներկայանա «Նռան հատիկ» հեռուստասերիալում՝ մարմնավորելով մարզպետի ապօրինի դստերը: Իր մասնակցության մանրամասների մասին դերասանուհին խոսել է Life.panorama.am-ի հետ:

«Համաձայնեցի համագործակցել Դիանա Գրիգորյանի հետ՝ ելնելով մի քանի պատճառներից. Նախ այս շրջանում այլ զբաղվածություն չունեի, և հետո գիտեի, որ «Նռան հատիկը» Հայաստանում ամենաբարձր վարկանիշն ունեցող հեռուստասերիալն է: Եվ, ի վերջո, ինձ հետաքրքրեց նաև առաջարկվող կերպարը»,- նշեց նա:

 

Աննա Մանուչարյանը խոստովանեց՝ յուրաքանչյուր աշխատանքի մոտենում է մեծ պատասխանատվությամբ, իսկ երբ մուտք է գործում արդեն գործող և բարձր վարկանիշ ունեցող նախագիծ, պատասխանատվությունը կրկնապատկվում է:

 

«Մտնելով արդեն գործող անձնակազմ՝ առաջինը մերվելու խնդիր կա, բայց քանի որ ինքս կոնֆլիկտային մարդ չեմ և շատ շփվող եմ, այդ խնդիրը չեղավ: Աշխատանքի առաջին իսկ օրից շատ ընկերական մթնոլորտ է հաստատվել: Անշուշտ կարևորում եմ, որ կերպարովս նոր գույն բերեմ սերիալ և իմ միջոցով ևս շարունակեմ ապահովել նախագծի դիտարժանությունը: Կարծում եմ՝ ընթացքում մուտք գործելու առավելությունը մեծ է, այդ դեպքում ուշադրությունը քո կերպարի վրա է սևեռվում»,- հավելեց նա:

Աննա Մանուչարյանը շեշտեց.

«Շատ տարբեր, հակասական կարծիքներ են հնչում տարբեր անձնակազմերի մասին, բայց մինչև չես աշխատում այդ թիմի հետ, անաչառ պատկերացում չես կազմում: Կարճ ժամանակ աշխատելով այս թիմում՝ կարող եմ ասել, որ շատ ջերմ մթնլորոտ ու համակարգված աշխատելաոճ կա այստեղ, որն ինձ շատ է դուր գալիս»:

Խոսելով իր կերպարի մասին՝ դերասանուհին պատմեց.

«Մարմնավորում եմ մարզպետ աղջկան, ով Թաթուլի կյանքի հերթական կնոջ հետ կապից է ծնվել: Նա լրագրող է, բավականին բանիմաց աղջիկ, ով ողջ կյանքում ապրել է Եվրոպայում: Նա իր կյանքով ապրող աղջիկ է, ով Հայաստան է եկել՝ հորը տեսակցության, սակայն ջերմ ընդունելության չի հանդիել: Ընթացքում կբացահայտվի, թե հերոսուհիս ինչ ներգործություն կունենա այս հեռուստասերիալում»:

Անդրադառնալով Աննա Մանուչարյանի՝ այս շրջանի գործունեությանն ու ապագա ծրագրերին, դերասանուհին նշեց.

«Շարունակում եմ աշխատել իմ սիրելի Հանրային ռադիոյում, որն ինձ համար լրիվ ուրիշ աշխարհ է: Մոտ ապագայում սպասվում է մի շատ հետաքրքիր և մեծ նախագիծ, որի մասին դեռևս խոսելու իրավունք չունեմ»:

life.panorama.am



loading...