Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվական»-ին


Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվական»-ին
Հունիս 22 20:13 2018

 

Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ դատի է տվել «Առաջին լրատվական»-ին և «Ժամանակ» օրաթերթին՝ 2 մլն դրամ պահանջելով իբր իրեն զրպարտելու համար։

Անկախ մամուլի դեմ Ռոբերտ Քոչարյանի սանձազերծած հերթական քայլի պատճառն այս անգամ 2018թ. հունիսի 7-ին թերթում և կայքում հրապարակված «Գրիգոր Գրիգորյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, վերջինս կարող է կալանավորվել» վերտառությամբ հոդվածն էր, որում նշել էին, թե Մարտի 1-ի ոճրագործության քննությունը կարող է շարժվել մեռյալ կետից, իսկ իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննվել և հայտնել է, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից:

 

Քոչարյանի գրասենյակն ու Հատուկ քննչական ծառայությունը շտապեցին հերքել մեր հրապարակումը, իսկ Ռոբերտ Քոչարյանը որոշեց դատի տալ՝ խոշոր գումար պահանջելով։

Առաջին անգամը չէ, որ նախկին նախագահը, որին Մարտի 1-ի դեպքերով մեղադրանք առաջադրելու բոլոր հիմքերը կան, դատի է տալիս մեր լրատվամիջոցին։ Քոչարյանը ակնհայտ ջղաձգումների մեջ է՝ հրաշալի հասկանալով, թե ինչ ծանր զարգացումներ կարող են լինել իր շուրջ։

Հուսով ենք՝ նոր իրավիճակում դատարանն իսկապես անաչառ և անկախ քննություն կիրականացնի, իսկ իրավապահ մարմինները ի վերջո պատշաճ գնահատական կտան Մարտի 1-ի իրական մեղավորին։

1in.am