Ե՞րբ ԱԱԾ-ն կմտնի «Չոռնի Գագոյի» տուն


Ե՞րբ ԱԱԾ-ն կմտնի «Չոռնի Գագոյի» տուն
Հունիս 22 18:04 2018

Աղմկահարույց բացահայտումների շարքը շարունակվում է, ու, ինչպես հայտնի է, հանրության քաջածանոթ դեմքերից Մանվել Գրիգորյանին պատկանող տներն ու տարածքները խուզարկելուց հետո ԱԱԾ-ն օրերս մտել է նաև Գրիգորյանի հետ սերտ կապերի մեջ գտնվող Առաքել Մովսիսյանի՝ «Շմայսի» առանձնատուն խուզարկության՝ հայտնաբերելու այնտեղ զենք-զինամթերք, գրում է Norlur.am-ը: Ճիշտ է՝ Մովսիսյանն առայժմ ազատ է արձակվել, սակայն դա դեռևս չի նշանակում, որ նրա մասով այլևս նոր սենսացիոն լուրերի ականջալուր չի դառնա հանրությունը. «ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու»…

Այս ամենը հուշում է, որ նոր իշխանություններն իրենց հակակոռուպցիոն միջոցառումները մեկնարկում են անմիջապես ՀՀԿ ռազմական թևից, ինչը, թերևս, շատ առումներով պայմանավորված է նաև այն մարտահրավերների բնույթով, որոնք այժմ ծառացած են Հայաստանի առաջ հատկապես արտաքին ճակատում:

Հետարքրիր է՝ իսկ ե՞րբ է ԱԱԾ-ն սկսելու խուզարկել նաև այն ՀՀԿ-ականների տներն ու տարածքերը, որոնք թեև չեն պատկանում այսպես ասած ՀՀԿ ռազմական թևին, սակայն հենց նրանց անվան հետ է կապվում այն աղմկահարույց պատմությունների առյուծի բաժինը, որոնք, ըստ էության, բացահայտում են տոտալ թալանին ծառայած  հայաստանյան մեխանիզմների իսկությունը:

Արդեն մոտ տասը տարի է՝ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շուրջ սկանդալային լուրերի ու կոռուպցիայի մասին բարբառող խոսակցությունների պակաս հայաստանյան հանրությունը չի զգում: Այս՝ Հայաստանի համար հիրավի կենսական համարվող ենթակառուցվաքի ձգձգվող շինարարության ընթացքում, որն այդպես էլ իր տրամաբանական ավարտին չի մոտենում, ամենաշատ շոշափված անունը, թերևս, Գագիկ Բեգլարյանի կամ ժողովրդի լեզվով ասած՝ «Չոռնի Գագոյի» անունն է. հենց նրա անվան հետ են կապում այն հարյուրավոր միլիոնների, եթե ոչ միլիարդների փոշիացումը, որ տեղի է ունեցել այս տարիների ընթացքում: Անվիճելի է, որ եթե «Հյուսիս-հարավի» պատասխանատուները ու առաջին հերթին Գագիկ Բեգլարյանը զանզան մութ գործարքների մեջ մտած չլինեին, միջոցները չփոշիանային, ու շինարարությունն արհեստականորեն չձգձգվեր, ապա Հայաստանը վաղուց ավարտած կլիներ մայրուղու շինարարությունն, ու այժմ մի քանի քայլ առաջ կլիներ երկիրը անխտիր բոլոր իմաստներով:

Եվ ուրեմն՝ եթե իսկապես հեղափոխական իշխանությունների մոտ կա անկեղծ ցանկություն նախորդ իշխանությունների բոլոր կեխտերը ջրի երես դուրս բերելու, իսկ դրանում ոչ ոք իրավունք չունի կասկածելու, անվիճելի է, որ նախևառաջ նույն ԱԱԾ-ն պետք է բռնի ոչ միայն պաշտպանական ոլորտի խոշոր շնաձկների գլխից, այլև զուգահեռաբար հակակոռուպցիոն կտրուկ միջոցառումներ իրականացնի՝ նաև ՀՀԿ մյուս ներկայացուցիչների մութ գործերն  ու անհայտ ծագման ունեցվածքը բացահայտելու. ասում են՝ այս տարիների ընթացքում նույն «Հյուսիս-հարավ»-ի շնորհիվ Գագիկ Բեգլարյանն իսկապես անհատակ ունցեվածք է կուտակել, ու շատ հետարքրիր կլինի պարզել, թե հատկապես ինչ սխեմաների օգնությամբ է նրան հաջողվել դառնալ մուլտի միլիրդատեր մի երկրում, որի բնակչության գրեթե կեսն աղքատության մեջ է ապրում:

Norlur.am