Ինչո՞ւ «օրենքով գող» Ալոն հայտնվեց մեղադրյալի աթոռին և ի՞նչ կապ ունեն նրա հետ «Սասնա ծռերը» . Ժողովուրդ


Ինչո՞ւ «օրենքով գող» Ալոն հայտնվեց մեղադրյալի աթոռին և ի՞նչ կապ ունեն նրա հետ «Սասնա ծռերը» . Ժողովուրդ
Հունիս 22 17:40 2018

Նախօրեին ոստիկանությունը մեծ շուքով խուզարկություններ էր կատարել 12 օրենքով գողերին, 18 քրեական հեղինակություններին պատկանող առանձնատներում, սակայն այդ ցանկում ներկայացված անձանցից ձերբակալվեցին միայն երկու հոգի, ինչը շատ կասկածների ու վերլուծությունների առիթ է տալիս, գրում է armlur.am-ը: Մասնավորապես, իրավապահները խուզարկել էին օրենքով գողեր «Մանեթի տղա» Սամվելիկի` Սամվել Հարությունյանի, «Աֆուլիկ» մականվամբ Ռաֆայել Խոյեցյանի, «Շահումյանցի Ժիրո» մականվամբ Ժիրայր Բրուտյանի, «Լեննականցի Սուրո» մականվամբ Սուրեն Ավետիսյանի, «Լեննականցի Արտյոմիկ» մականվամբ Արտյոմ Ղազարյանի, «Զապ» մականվամբ Անդրանիկ Սողոյանի, «Սևո» մականվամբ Արմեն Մանուկյանի, «Մասիվցի Անդիկ» մականվամբ Անդրանիկ Հարությունյանի, «Ալո» մականվամբ Ալեքսանդր Մակարյանի, «Գորիսեցի Արտեմիկ» մականվամբ Արտեմ Դինունցի, «Օշականցի Գևորիկ» մականվամբ Գեւորգ Մելիքյանի, «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանի բնակարաններում։ Քրեական հեղինակություններից խուզարկել են «Մեծամորի Երո» մականվամբ Երվանդ Ոսկանյանի, «Շալո մականվամբ» Շալիկո Մանուչարյանի, «Վիրաբիկ» մականվամբ Վիրաբ Գասպարյանի, «Պիստ» մականվամբ Արմեն Իսրայելյանի, «Էրեբունի մասիվցի Տյոմ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Նորադուսցի Արա» մականվամբ Արա Բանդուրյանի, «Արտյոմ Կանևսկոյ» մականվամբ Արտյոմ Հարությունյանի, «Մասիվցի Ժիրո» մականվամբ Պարույր Աղաջանյանի, «Յա-Յա» մականվամբ Արմեն Գրիգորյանի, «Տիզ» մականվամբ Արթուր Սեդրակյանի, «Պռատ» մականվամբ Ռադիկ Մկրտչյանի, «Մասիվցի Ռաֆո» մականվամբ Ռաֆայել Նազարյանի, «Դմբուզ Հենդո» մականվամբ Հենրիկ Մանուկյանի, «Տույ» մականվամբ Արթուր Ղազարյանի, «Կիևյանցի Յուրա» մականվամբ Յուրի Ուտոևի, «Մասիս» մականվամբ Մասիս Գրիգորյանի, «Բոգո» մականվամբ Ռուբեն Կոստանյանի և «Պռոշյանցի Գևորիկ» մականվամբ Գևորգ Ավետիսյանի բնակարանները։ Նկատենք, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են զենք-զինամթերք, թմրամիջոցներ եւ այլն։ Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանից հետաքրքրվեց այս թեմայով: Ի պատասխան` Օսիպյանը հայտնեց, որ կան ձերբակալվածներ եւ կլինեն պատասխանատվության ենթարկվողներ: «Ժողովուրդ»-ին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից էլ տեղեկացրին, որ ձերբակալվել է երկու անձ՝ Մասիվցի Անդիկ մականվամբ Անդրանիկ Հարությունյանն ու Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը: Վերջիններս ձերվբակալվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով: Ով է օրենքով գող Մասիվցի Անդիկը Դեռեւս 2009 թվականին Մոսկվայում օպերատիվ հետախուզական բյուրոյի աշխատակիցների կողմից ձերբակալվել էր 36-ամյա «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանը, ով քրեական աշխարհում ավելի շատ հայտնի է Անդո Խրոմոյ (Կաղ Անդո) կամ Մասիվցի Անդիկ կեղծանուններով: Անձնական հետախուզման ժամանակ Հարությունյանի մոտ հայտնաբերվել էր 3 գրամ հերոին: Թմրանյութի հայտնաբերման վերաբերյալ Հարությունյանի հանդեպ հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի հատկանիշներով: Նշենք, որ, ըստ էության, այս քրեական գործի շրջանակներում նա ազատազրկման էր դատապարտվել 3 տարի 3 ամիս ժամկետով: Եվ ահա նկատենք, որ նա կրկին թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար ձերբակալվել է: Ըստ էության, նման կենսակերպով ապրող անձանց բնակարանում կարելի է գտնել թմրանյութ, ինչպես եւ գտել էին շատերի բնակարանում, սակայն զարմանալի է, որ ոստիկանության կողմից ներկայացված ցանկից ընդամենը երկու «օրենքով գող» է ձերբակալվում` Մասիվցի Անդիկը` Անդրանիկ Հարությունյանը եւ Ալո մականվամբ Ալեքսանդր Մակարյանը: Իսկ ինչով է հայտնի «օրենքով գող» Ալո-ն Ալո` Ալեքսանդր Մակարյան Նկատենք որ Ալոն-ն այդքան էլ պատահական մարդ չէ, եւ վերջինս այն օրենքով գողերից մեկն է, որի անունը օրենքով գողերի շրջապատում առավել հայտնի դարձավ 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների ժամանակ, երբ «Սասնա Ծռեր» խմբի անդամները գրավել էին ՊՊԾ գունդը եւ հայտնվել կալանավայրում: իշխանության վերահսկողության տակ գտնվող «օրենքով գողերը» փորձել էին քրեակատարողական հիմնարկներում պատժել «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, որ նրանք հանդգնել էին դուրս գալ իշխանությունների դեմ: Միակ «օրենքով գողը», որ դեմ էր արտահայտվել այդ գործողություններին, Ալո-ն` Ալեքսանդր Մակարյանն էր եղել: Մասնավորապես, նա «օրենքով գողերի» հավաքի ժամանակ ասել է, որ նրանք ազատամարտիկներ են, նրանք քաղաքական հողի վրա կալանավորված անձինք են, եւ պետք չէ, որ քրեական աշխարհը խառնվի քաղաքական հարցերին: Այսպիսով, Ալեքսանդր Մակարյանին նախորդ իշխանությունները չներեցին այս արտահայտության համար եւ նրան Հայաստանից արտաքսեցին Թուրքիա: Եվ ահա նա նոր էր վերադարձել Հայաստան, եւ նրան կրկին ձերբակալեցին անհեթեթ խոտի կասկածանքով, ինչը շատ կասկածահարույց է: Նշենք, որ, ըստ ոստիկանության, նրա բնակարանից հայտնաբերվել էին «Մակարովի» փամփուշտներ ու մարիխուանայի նմանվող զանգված։ Ստացվում է, որ Ալեքսանդր Մակարյանը բոլոր իշխանությունների օրոք պարտադիր` թեկուզ «կարճատեւ» այցով հայտնվում է կալանավայրում: Իսկ իշխանական կերակրատաշտին մոտ գտնվող «գողերը» շարունակում են մնալ ազատության մեջ: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում