Կառավարական առանձնատների ջրի 54 մլն դրամ պարտքի մասին հայտարարությունը վրիպակ է. վարչապետի խոսնակ


Կառավարական առանձնատների ջրի 54 մլն դրամ պարտքի մասին հայտարարությունը վրիպակ է. վարչապետի խոսնակ
Հունիս 22 14:03 2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանը «Ազատության» հետ զրույցում տեխնիկական վրիպակ է որակել 54 միլիոն դրամ թիվը, որը երեկ վարչապետը նշել էր որպես կառավարական առանձնատների ջրի պարտքի ընդհանուր գումար։

Եղոյանը նշել է, որ հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը եւ ներկայացնել հստակ տվյալներ։ «Ուղղակի մի ճշգրտում անեմ կոնկրետ թվի հետ կապված՝ կոնկրետ նշված թիվը եղել է տեխնիկական վրիպակ, ինչ վերաբերում է պարտքերին, ապա՝ այո, հանձնարարվել է ճշտել պարտքերի առկայությունը, դրանց չափը եւ ներկայացնել հստակ տվյալներ։ Սա է եղել, իսկ այդ թիվն ուղղակի եղել է վրիպակ։ Պարտքերի չափը, կամ դրանց առկայությունն այս պահին ճշտվում է»։

Հարցին, թե դեռեւս հստակ չէ՝ պարտքեր կուտակել են կառավարության նախկին անդամները, թե ոչ, նա ասել է. «Այս պահին այդ հարցը ճշգրտվում է:

Ես հենց հիմա հայտարարությունն եմ ճշգրտում, հանձնարարվել է ճշտել առկայությունը, դրանց չափը եւ առկայության դեպքում վճարել»։

Ճշտող հարցին՝ կարող է ասել, որ վրիպակ է ոչ միայն այդ 54 միլիոնի պարտքն, այլեւ ընդհանրապես պարտքի առկայությունը, այդ ամենը դեռ պետք է ճշտվի, Արման Եղոյանը պատասխանել է. «Դա այս պահին գտնվում է ուսումնասիրման փուլում, այո, այո»։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեկ ընդունելով «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիին, ասել է, որ «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տարածքում առկա կառավարական առանձնատների սպառած ջրի դիմաց կուտակած պարտքը հասնում է 54 մլն դրամի եւ հավելել, որ արդեն իսկ հանձնարարել է, որպեսզի այն վճարվի»: