Հեղափոխության ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 5.4%-ով. պաշտոնական


Հեղափոխության ամիսներին ՀՀ տնտեսությունն աճել է 5.4%-ով. պաշտոնական
Հունիս 20 16:38 2018

Հայաստանում այս տարվա ապրիլ-մայիսին ծավալվող հեղափոխական գործընթացների ժամանակ հատկապես նախկին իշխանությունները շատ էին խոսում տնտեսության վրա քաղաքական ոչ կայուն վիճակի բացասական ազդեցության մասին, գրում է Armtimes.com-ը:

Հատկանշական է, որ պաշտոնական տվյալներն այլ պատկեր են ստեղծում: Ընդհակառակը, ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանի տնտեսությունն աճել է: Ըստ պաշտոնական տվյալների, 2018թ. մայիսին՝ 2017թ. մայիսի համեմատ տնտեսությունն աճել է 5.4%-ով: Իսկ 2018թ. մայիսին՝ 2018թ. ապրիլի համեմատ աճել է 10.4%-ով: Հետաքրքիր է նաեւ, որ 2018թ. հունվար-մայիսին՝ 2017թ. հունվար-մայիսի համեմատ տնտեսական աճը կազմել է 8.6%։

«Վատ ցուցանիշներ չեն՝ հեղափոխական ամսվա համար»,- ֆեյսբուքյան իր էջում նշում է տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը:

Օգտատերերից մեկն էլ ընդգծում է, որ տնտեսության աճը կարող է պայմանավորված լինել վերջին մեկ ու կես տարվա տնտեսության ընթացքի որոշակի իներցիայով, իսկ քաղաքական իրադարձությունների ազդեցության արդյունքները կերեւան 6 ամսից 1 տարվա ընթացքում։

«Տնտեսությունը ունի որոշակի իներցիա։ Մայիսի եւ հետագա ամիսների տնտեսական քաղաքականության արդյունքները կերեւան 6 ամսից 1 տարվա ընթացքում։ Հուսով եմ, նախորդ կառավարության տեմպը հնարավոր կլինի ոչ միայն պահել, այլեւ արագացնել», - նշում է նա։



loading...