«Լուսավոր Հայաստանը» աջակցում է կառավարությանը կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցում, չնայած որ նախկինում դեմ էր՝ կազմակերպելով ցույցեր այս համակարգի ընդունման դեմ: Այսօր ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
«Մենք այս փուլում չենք կարող չաջակցել կառավարությանը, որպեսզի իրականացնի բարեփոխում այս համակարգում, բայց դա անում ենք պայմանով, որպեսզի քննարկումները կուտակային համակարգի հետ կապված շարունակվեն: Ես այս ամբիոնից նույն բանն ասել եմ մեր հարգարժան վարչապետ պարոն Փաշինյանին, որ մենք չենք կարող այս կարևոր հարցում չլսել մեր քաղաքացիների ձայնը: Սա է մեր դիրքորոշումը, և մենք կողմ ենք քվեարկելու»,-ասաց նա:
ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, որը ևս կողմ է համակարգին, արձագանքեց, որ Մարուքյանը հանձնաժողովում քվեարկում է ձեռնպահ, իսկ հիմա հիմա կողմ՝ ռեֆորմի համար.
«Այդ մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում, ռեֆորմ չեն կարող անել: ՀՀԿ-ն կողմ է պարտադիր կուտակայինին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի նախագիծն անհրաժեշտություն է՝ վաղվա խնդիրը լուծելու համար, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա շահարկման առարկա յուրաքանչյուր վարչապետի, քաղաքական ուժի համար: Եթե խոսում եք ընտրակաշառքից, կոռուպցիայից, ամենալավ ձեւը սա է՝ ունենալ համակարգ, որտեղ չպետք է գրված լինի՝ 3 անգամ կենսաթոշակը կբարձրացնեմ վաղվանից, մարդիկ կտեսնեն 5 տարվա ձեր ստեղծագործ աշխատանքը իրենց փողի վրա, հետո նոր ձեզ կընտրեն»,- ասաց Հակով Հակոբյանը:
Պատգամավորների միջև վիճաբանություն սկսվեց դահլիճում: Էդմոն Մարուքյանը պարզաբանում էր, թե այդ ե՞րբ է հանձնաժողովում ձեռնպահ քվեարկել՝ ասելով թե ՝ «իմ անունը ինչի՞ ես տալիս, դաշնակները ձեռնպահ են քվեարկել, դուխ ունես, դաշնակներին ասա»:
Օրենքի նախագծի քվեարկությունը տեղի կունենա վաղը ԱԺ նիստում: