Ավտովթար-փլուզում Արարատում Mercedes-ն ու Opel-ը բախվել են


Ավտովթար-փլուզում Արարատում Mercedes-ն ու Opel-ը բախվել են
Հունիս 19 10:27 2018

Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 18-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ 27-ամյա Հայկ Ա.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել գազալցակայանում կայանած «Opel Vectra A» մակնիշի (վարորդ 32-ամյա Ա. Պ.), «Volkswagen Golf 4» մակնիշի (վարորդ 27-ամյա Սամվել Ե.) եւ «Opel Astra G» մակնիշի (վարորդ 34-ամյա Ռոման Բ.) ավտոմեքենաներին: Բախման հետեւանքով «Mercedes Benz C» մակնիշի ավտոմեքենայի հետնամասում հրդեհ է բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը եւ սրահը՝ մասամբ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ սահմանազատել տարածքը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո Mercedes-ը բախվել գազալցակայանի պատին, փլուզել այն: