Կորած երեխային շարունակում են որոնել. ԱԻ նախարարը հանձնարարել է արձագանքել նրա մասին ցանկացած տեղեկության


Կորած երեխային շարունակում են որոնել. ԱԻ նախարարը հանձնարարել է արձագանքել նրա մասին ցանկացած տեղեկության
Հունիս 18 15:16 2018

ԱԻՆ-ն այսօր՝ հունիսի 18-ին վերսկսել է կորած երեխայի որոնողական աշխատանքները. նրան փնտրում են Այնթապի հատվածում: Աշխատանքներում ներգրավված են Արարատի մարզի Մասիս քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ոստիկանության աշխատակիցներ եւ կամավորներ: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքների արդյունքների մասին ԱԻՆ ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ զեկուցել է Արմավիրի մարզային փրկարարական վարչության պետը: Նա նշել է, որ երեխայի գտնվելու վայրերի վերաբերյալ պարբերաբար ապատեղեկատվություն է ստացվում, ինչը խոչընդոտում է որոնողական աշխատանքներին: Նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն, հանձնարարել է արձագանքել երեխայի մասին ցանկացած տեղեկության:

Հիշեցնենք, որ երեխայի կորելու մասին տեղեկությունն ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է հունիսի 9-ին ժամը 21:32-ին: ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911»  ծառայություն ահազանգ էր ստացվել, որ հունիսի 8-ին ժամը 17։00-ի սահմաններում Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004 թվականին ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Ստացված տեղեկություններով՝ երեխայի հագին եղել է կանաչ վերնաշապիկ եւ կիսատաբատ:



loading...