Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Արփինե Հովհաննիսյան


Կողմ եմ քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն. Արփինե Հովհաննիսյան
Հունիս 18 14:46 2018

ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածին, ասաց, որ եթե որեւէ մեկն իրեն նման արարք է թույլ տվել, դժվար է որակումներ փնտրել։

«Անթույլատրելի եւ զազրելի է այն ամենը, ինչը ներկայացվեց: Եթե դա համապատասխանում է իրականությանը, այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: Ես ամբողջությամբ կիսում եմ այն ապրումներն ու զգացմունքները, որոնք հայ ժողովուրդը եւ յուրաքանչյուրն ունեցել է այդ տեսանյութը դիտելիս»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է քվեարկելու մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկության ժամանակ, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Ինչպես գիտեք, քվեարկությունը գաղտնի է, բայց կարող եմ ձեզ ասել, որ ես կողմ եմ քվեարկելու անձեռնմխելիությունից զրկելուն: Կարծում եմ՝ դա ճիշտ է, որ հնարավորություն տրվի, որ բազմակողմանի եւ լրիվ նախաքննություն իրականացվի, բոլոր հարցերի պատասխանները տրվեն, որոնք այս օրերին առաջացել են հանրության մոտ:

Նախաքննության ընթացքում բոլոր մեղավորները պետք է պատասխան տան՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում, անկախ նրանից՝ այս պահին որտեղ են: Եթե նախաքննության ընթացքում կպարզվի, որ որեւէ մեկը մասնակից է եղել այս ամենին եւ դա իրականությանը համապատասխանում է»:

Դիտարկմանը, թե կարո՞ղ էր նման բան տեղի ունենալ առանց Սերժ Սարգսյանի, ոստիկանության, ԱԱԾ-ի գիտության, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Ես իմ դիրքորոշումն արտահայտեցի: Այդ հարցերին ոչ թե ես պետք է գնահատական տամ, այլ դա պետք է պարզի օբյեկտիվ ու լրիվ նախաքննությունը: Կպարզվի, որ որեւէ մեկը պատասխանատու է այս ամենի համար, տեղյակ է եղել, ուրեմն օրենքի ամբողջ ուժով պետք է պատասխան տա»:



loading...