Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը ծրագրում ընդգրկել է իր մտերիմներին եւ գումար յուրացրել


Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը ծրագրում ընդգրկել է իր մտերիմներին եւ գումար յուրացրել
Հունիս 16 14:01 2018

Ոստիկանությունը Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնում զգալի չափերի յուրացման դեպք է արձանագրել:

Հունիսի 15-ին պարզվել է, որ Եղվարդի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրենը, չարաշահելով իր պաշտոնական լիազորությունները, «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող, աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրում ընդգրկել է իր ծանոթ և մտերիմ անձանց, որոնք փաստացի չհաճախելով նախատեսված դասընթացներին` ստացել են իրենց անվամբ դուրս գրված կրթաթոշակի գումարները:

 

Տնօրենը 2015թ. նոյեմբերից մինչև 2016թ. հունվարը, ծրագրում ընդգրկել է երեք քաղաքացու, որոնք փաստացի չեն հաճախել դասընթացներին, սակայն ստացել են 55.000-ական դրամ կրթաթոշակներ, իսկ պետական բյուջեից նշված անձանց համար դասընթացներ կազմակերպելու նպատակով նախատեսվել և դուրս է գրվել ևս 55.000-ական դրամ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս: Միաժամանակ պարզվել է, որ նույն ժամանակահատվածում նշված ծրագրում փաստաթղթեր կեղծելու եղանակով ընդգրկվել է ևս երկու քաղաքացի, ովքեր այդ մասին տեղյակ չեն եղել, իսկ նրանց անվամբ նախատեսված և դուրս գրված ընդհանուր` 220.000 դրամը յուրացվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ պետությանը պատճառված ամբողջ վնասի չափը պարզելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: